Հայաստանի բասկետբոլի հավաքականը ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնի Պանամայի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն այս ամռանը կրկին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի հերթական ստուգողական հանդիպումը։
Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, հունիսի 27-ին Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը ընկերական խաղում կհանդիպի Պանամայի հավաքականի հետ։
Հանդիպումը կկայանա Լոս Անջելեսում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ԱՅՍՏԵՂ։
ԱՄՆ-ում հանդիպումների անցկացումը Հայաստանի հավաքականի համար արդեն դարձել է լավ ավանդույթ։ Հայաստանի հավաքականը չորրորդ տարին անընդմեջ նման հանդիպումներ է կազմակերպում օվկիանոսից այն կողմ։ 2023 թվականին հայկական թիմի մրցակիցը Ֆրանսիան էր, 2024-ին հավաքականը խաղացել է Իռլանդիայի և Գվատեմալայի դեմ, իսկ 2025 թվականին հանդիպում է անցկացրել Կոստա Ռիկայի դեմ։
Նման խաղերը օգնում են հավաքականին նախապատրաստվել պաշտոնական մրցաշարերին, ինչպես նաև մարզչական շտաբին հնարավորություն են տալիս դիտարկել հնարավոր նորեկների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող բասկետբոլիստների, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի ուսանողական լիգաներում։
Հաճախ նման հանդիպումներին մասնակցում են խաղացողներ, որոնք դեռևս իրավունք չունեն հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում՝ մարզական քաղաքացիության և ուսանողական լիգաներում ելույթների հետ կապված գործող սահմանափակումների պատճառով։ Այս հանդիպումներում թիմը գլխավորում է հայտնի մասնագետ Ռեքս Քալամյանը։
Նշենք, որ 2026 թվականին Հայաստանի հավաքականի համար առայժմ նախատեսված է ևս մեկ հանդիպում՝ հուլիսի 2-ին արտագնա խաղ Նորվեգիայի դեմ։ Այդ հանդիպումը Հայաստանի հավաքականի համար կլինի եզրափակիչը 2029 թվականի աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլում։ Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է խմբից դուրս գալու հնարավորությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0