Հայ պաշտպան Արթուր Հայրապետյանը ամբողջական հանդիպում անցկացրեց «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
34-ամյա հայ պաշտպան Արթուր Հայրապետյանը մասնակցեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպմանը։ Նրա թիմը՝ Իսպանիայի վեցերորդ դիվիզիոնը ներկայացնող «Տավերնեսը», պարտվեց 0։6 հաշվով և ավարտեց ելույթները մրցաշարում։ Հանդիպումը կայացավ նոյեմբերի 10-ին։
Հայրապետյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և կենտրոնական պաշտպանի դիրքում անցկացրեց բոլոր 90 րոպեները։ Հանդիպման արդյունքներով հայ ֆուտբոլիստը SofaScore-ից ստացավ 6,2 գնահատական։
«Տավերնեսը» հանդես է գալիս Վալենսիայի տարածաշրջանային առաջնությունում՝ իսպանական ֆուտբոլի վեցերորդ մակարդակում։ Հայրապետյանի համար ընթացիկ մրցաշրջանն արդեն չորրորդն է թիմի կազմում։
Մինչև Լա լիգայի ներկայացուցչի հետ հանդիպումը «Տավերնեսը» հաղթահարել էր նախնական փուլը՝ հետխաղյա 11-մետրանոցներով 4։2 հաշվով առավելության հասնելով «Մարասենայի» նկատմամբ։ Առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում գոլեր չէին գրանցվել ո՛չ հիմնական, ո՛չ լրացուցիչ ժամանակում։ Վճռորոշ 11-մետրանոցն իրացրել էր Հայրապետյանը՝ իր թիմին ապահովելով հաջորդ փուլի ուղեգիր և «Վալենսիայի» հետ հանդիպելու հնարավորություն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0