«Մոնպելյեի» տաղանդն ու ՊՍԺ-ի սաները․ Հայաստանի Մ17 հավաքականը Երևանում կընդունի Ֆրանսիային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 11-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ԵՎՐՈ-2027-ի որակավորման առաջին փուլում իր ելույթը կսկսի Ֆրանսիայի դեմ խաղով։ Հանդիպումը կկայանա Ավանում գտնվող ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 15։00-ին։
Ֆրանսիայի հավաքականը Հայաստան է ժամանել մի շարք հեռանկարային ֆուտբոլիստներով, որոնք արդեն գրավել են եվրոպական առաջատար ակումբների ուշադրությունը։ Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում «Մոնպելյեի» 16-ամյա հարձակվող Լասին Մենյան-Պավեն, որն արդեն կանոնավոր հանդես է գալիս մեծահասակների մակարդակում։ Լիգա 2-ի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 10 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Ամռանը հարձակվողով ակտիվորեն հետաքրքրվում էր ՊՍԺ-ն։ L’Équipe-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը տրանսֆերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել, որոնցից վերջինը գնահատվում էր մոտ 10 միլիոն եվրո։ Սակայն Մենյան-Պավեն շարունակել է կարիերան «Մոնպելյեում», որի հետ դեռ փետրվարին կնքել էր իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, իսկ հոկտեմբերին համաձայնագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի հունիսը։
Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ աչքի ընկնող ֆուտբոլիստ է «Մոնպելյեի» կիսապաշտպան Սոյան Ամյորը։ Ամռանը լրատվամիջոցները հաղորդում էին նրա նկատմամբ «Բավարիայի» և եվրոպական այլ ակումբների հետաքրքրության մասին։ Սկաուտների ուշադրությունը նա գրավել է նաև Ֆրանսիայի Մ16 հավաքականում իր ելույթներով։
Գլխավոր մարզիչ Ժոան Ռադեն հայտացուցակում ընդգրկել է ընդհանուր առմամբ 20 ֆուտբոլիստի։ Նրանցից հինգը ներկայացնում են ՊՍԺ-ն, չորսը՝ «Մարսելը», ևս երեքը՝ «Մոնպելյեն»։ Վերջին ակումբից, բացի Մենյան-Պավեից և Ամյորից, հրավիրվել է նաև պաշտպան Քրիստոֆեր Բալուկուլան։

Հայաստանի հավաքականի համար ֆրանսիացիների հետ հանդիպումը կլինի տնային մինի-մրցաշարի առաջին փորձությունը։ Խմբում թիմերի մյուս մրցակիցներն են Իտալիան և Լյուքսեմբուրգը։ Երկու լավագույն հավաքականները պայքարը կշարունակեն որակավորման երկրորդ փուլում, որը կկայանա 2027 թվականի գարնանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0