SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ո՞վ է Հարվի Սարաջյանը․ հայկական արմատները, ճանապարհը դեպի MLS և Գրիզմանի հետ պատմությունը


Ո՞վ է Հարվի Սարաջյանը․ հայկական արմատները, ճանապարհը դեպի MLS և Գրիզմանի հետ պատմությունը
Ֆուտբոլ 💬 Comment

«Օրլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը (Harvey Sarajian) հանդես կգա Հայաստանի հավաքականում։ Նրա ընտրության մասին հայտնի դարձավ նոյեմբերի 10-ին։ Հայկական արմատներով Ֆլորիդայի բնիկը դպրոցական և համալսարանական ֆուտբոլից հասել է մինչև MLS, ընտրվել MLS-2026-ի դրաֆթի ընդհանուր հինգերորդ համարով և արդեն հասցրել գոլ խփել «Օրլանդոյի» հիմնական թիմում։

Հայ երկրպագուների համար Սարաջյանը նոր անուն է, սակայն Sportaran-ը նրա մասին պատմել էր դեռևս պրոֆեսիոնալ ֆուտբոլ տեղափոխվելուց առաջ։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս NCAA-ում և պատրաստվում դրաֆթից առաջ անցկացվող դիտմանը։ Այժմ նրա կարիերայում ևս մեկ ուղղություն է բացվել՝ Հայաստանի հավաքականը։

Հարվի Սարաջյանի կենսագրությունն ու հայկական արմատները

Հարվի Գրեմ Սարաջյանը ծնվել է 2005 թվականի հունվարի 26-ին՝ Ֆլորիդա նահանգի Նեյփլս քաղաքում։ Նրա հայրն ու պապը հայեր են։ Ֆուտբոլիստը մեծացել է ԱՄՆ-ում, որտեղ էլ անցել են նրա կարիերայի բոլոր փուլերը՝ մինչև ազգային հավաքական հրավիրվելը։

Սարաջյանի հասակը 188 սմ է։ Նա կարող է գործել հարձակման եզրերում և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Նրա խաղում համադրվում են ֆիզիկական կարողությունները, արագությունն ու անհատական գործողություններով գնդակն առաջ տանելու հմտությունը։

Հարվիի ընտանիքում վեց երեխա կա․ ֆուտբոլիստն ունի երեք եղբայր և երկու քույր։ Նրա հայրը՝ Սքոթը, ժամանակին ամերիկյան ֆուտբոլ է խաղացել Թեմփլ համալսարանի թիմում։

Ամերիկյան ֆուտբոլ, աթլետիկա և առաջին հաջողությունները

Դպրոցական տարիներին Սարաջյանը միաժամանակ զբաղվում էր մի քանի մարզաձևով։ Ֆուտբոլից բացի՝ նա խաղում էր ամերիկյան ֆուտբոլ և մասնակցում աթլետիկայի մրցումների։

Naples High School-ում Հարվին զգալի արդյունքների հասավ հենց ֆուտբոլի դաշտում։ Դպրոցական վերջին մրցաշրջանում նա խփեց 23 գոլ և կատարեց 13 գոլային փոխանցում։ Սարաջյանը ճանաչվեց 5A կարգի տարվա լավագույն խաղացող և Հարավարևմտյան Ֆլորիդայի լավագույն ֆուտբոլիստ։ Նա նաև ընդգրկվեց Gatorade Player of the Year մրցանակի եզրափակիչ հավակնորդների թվում։

Զուգահեռաբար Հարվին հանդես էր գալիս Florida West-ում և մասնակցել է Sanford ECNL Selection Game-ին։ Ընդ որում, պրոֆեսիոնալ պայմանագրին տանող նրա ճանապարհն անցել է MLS-ի ակումբների ակադեմիաներից դուրս։

«Իմ ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում զարգացումս աստիճանաբար է ընթացել։ Ես չեմ խաղացել MLS-ի ակադեմիայում կամ նման այլ համակարգում։ Ամեն ինչ միշտ եղել է մի գործընթաց, որն օգնել է ինձ համեստ մնալ և սովորեցրել համբերատար լինել», — պատմել է Սարաջյանը «Օրլանդոյի» ակումբային մամուլի ծառայությանը։

Համալսարանական կարիերան․ Georgia Southern և Wake Forest

2024 թվականին Սարաջյանը սկսեց հանդես գալ Georgia Southern-ում և անմիջապես դարձավ Sun Belt կոնֆերենցիայի աչքի ընկնող նորեկներից մեկը։

NCAA-ում իր առաջին մրցաշրջանում նա մասնակցեց թիմի բոլոր 17 հանդիպումներին, 16 անգամ ընդգրկվեց մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 1035 րոպե։ Նրա հաշվին գրանցվեց 4 գոլ և 6 գոլային փոխանցում․ փոխանցումների քանակով նա թիմի լավագույնն էր։

Մրցաշրջանի արդյունքներով Հարվին ճանաչվեց Sun Belt կոնֆերենցիայի լավագույն առաջին կուրսեցի և ընդգրկվեց կոնֆերենցիայի առաջին խորհրդանշական հավաքականում։ TopDrawerSoccer-ի՝ NCAA-ի առաջին կուրսեցիների վարկանիշում նա զբաղեցրեց 22-րդ տեղը։

Հաջորդ փուլը տեղափոխությունն էր Wake Forest։ 2025 թվականի մրցաշրջանում Սարաջյանը համալսարանական թիմի կազմում անցկացրեց 14 հանդիպում, խփեց 2 գոլ և կատարեց 2 գոլային փոխանցում։

Խաղացողի տեղափոխության ժամանակ Wake Forest-ի գլխավոր մարզիչ Բոբի Մուսը հատկապես ընդգծում էր նրա բազմակողմանիությունը, ֆիզիկական կարողություններն ու մրցակցի դարպասին մոտ հատվածում մրցակիցներին շրջանցելու հմտությունը։

MLS-ի դրաֆթի հինգերորդ համարը և տեղափոխությունն «Օրլանդո Սիթի»

Харви Сараджян — 5-й номер драфта MLS и новичок Orlando City

2025 թվականի դեկտեմբերին Սարաջյանը հրավեր ստացավ մասնակցելու Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում անցկացվող MLS College Showcase-ին։ Այս միջոցառումն ակումբների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս դրաֆթից առաջ գնահատելու համալսարանական թիմերի ֆուտբոլիստներին։

MLS-2026-ի դրաֆթում «Օրլանդո Սիթին» Հարվիին ընտրեց ընդհանուր հինգերորդ համարով։ Հունվարին նա ստորագրեց պրոֆեսիոնալ պայմանագիր՝ համալսարանական ֆուտբոլից անցնելով MLS-ում իր առաջին մրցաշրջանի նախապատրաստությանը։

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ արդեն եղել էր դրաֆթում այդքան բարձր համարով ընտրվելու օրինակ․ 2006 թվականին Յուրա Մովսիսյանն ընտրվել էր չորրորդ համարով՝ միանալով «Կանզաս Սիթիին»։

Վիճակագրությունն «Օրլանդո Սիթի B»-ում և առաջին գոլը MLS-ում

Պրոֆեսիոնալ կարիերայի սկզբում Սարաջյանը հիմնականում հանդես էր գալիս MLS NEXT Pro-ում խաղացող «Օրլանդո Սիթի B»-ում։ Նրա նորամուտի մրցաշրջանին նվիրված ակումբային նյութում ներկայացված էին հետևյալ ցուցանիշները՝ 7 գոլ և 6 գոլային փոխանցում երկրորդ թիմի կազմում անցկացրած 16 հանդիպումներում։

Հարվին MLS-ում նորամուտը նշեց ապրիլին՝ «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղում։ Աստիճանաբար նա սկսեց ավելի շատ հնարավորություններ ստանալ հիմնական թիմում, իսկ սեպտեմբերի 12-ին խփեց իր առաջին գոլն «Օրլանդո Սիթիի» կազմում՝ «Տորոնտոյի» դեմ հանդիպմանը։

«Այդ գոլը, անկեղծ ասած, փոխեց իմ ամբողջ տարին, քանի որ ինձ հավատ ներշնչեց, որ կարող եմ գոլ խփել այս թիմերին և օգնել իմ թիմին», — խոստովանել է ֆուտբոլիստը։

Այս պատմությունն անձնական մի դրվագ էլ ունի․ Հարվին առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլային հանդիպման ներկա է գտնվել 2015 թվականին, երբ տասը տարեկան էր։ Դա «Օրլանդո Սիթիի» խաղն էր Camping World Stadium-ում։ Տարիներ անց նա ինքն էլ խաղադաշտ դուրս եկավ այն ակումբի մարզաշապիկով, որին ժամանակին հետևում էր տրիբունաներից։

Ինչպես Սարաջյանն ու Գրիզմանը կատակներով փոխանակվեցին

Հարվիի առաջին մրցաշրջանի ամենաքննարկվող դրվագներից մեկը Անտուան Գրիզմանի հետ կապված պատմությունն էր։

Սարաջյանին գոլային փոխանցում կատարելուց հետո ֆրանսիացին «Օրլանդոյի» հրապարակումներից իմացավ, որ իր թիմակիցը նախկինում ամերիկյան ֆուտբոլ է խաղացել։ Գրիզմանն այդ պատմությամբ կիսվեց սոցիալական ցանցերում, ապա խաղին ներկայացավ շապիկով, որի վրա պատկերված էր ամերիկյան ֆուտբոլի հանդերձանքով Հարվին։

Սարաջյանը պատասխանեց նույն ոճով․ նա մարզմանը եկավ մի շապիկով, որի վրա Գրիզմանը պատկերված էր դեմքի զվարճալի արտահայտությամբ։

Сараджян и Гризманн

Ի՞նչ կարող է Սարաջյանն առաջարկել Հայաստանի հավաքականին

Սարաջյանի հրավերը Հայաստանի հավաքականին տալիս է ևս մեկ ֆուտբոլիստի, որը կարող է գործել հարձակման մի քանի դիրքերում։ 188 սմ հասակով նա օժտված է եզրում խաղալու համար օգտակար հատկանիշներով՝ արագությամբ, գնդակը վարելու և մեկ առ մեկ պայքարում մրցակցին շրջանցելու հմտությամբ։ Հարվին կարող է երկար տարիներով լուծել հարձակման ձախ եզրի խնդիրները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ խաղալ նաև հարձակման կենտրոնում։

Համալսարանական ֆուտբոլում Հարվին իրեն դրսևորել է և՛ որպես գոլերի հեղինակ, և՛ որպես գոլային պահեր ստեղծող։ Պրոֆեսիոնալ կարիերայում նա դեռ անցկացնում է առաջին մրցաշրջանը․ «Օրլանդո Սիթի B»-ում արդյունավետ ելույթներից հետո հասել է MLS-ում խաղաժամանակի և գոլի։

Հայաստանի հավաքականի ընտրությունը նրա համար նոր փուլ է բացում՝ հնարավորություն տալով ԱՄՆ-ի ակումբային ֆուտբոլում ձեռք բերած փորձը կիրառել միջազգային մակարդակում։

Կարդացեք նաև․ Sportaran-ի առաջին նյութը Հարվի Սարաջյանի մասին՝ դեռևս MLS-ի դրաֆթից առաջ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։