«Սարդարապատը» ներկայացրել է նոր մարզահագուստը՝ Ֆրանսիա-1998-ին և Գրիզմանին հղումներով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սարդարապատը» ներկայացրել է 2026/27 մրցաշրջանի խաղային մարզահագուստները, որոնք նախագծվել են Հայաստանում և թողարկվել նիդերլանդական Robey ապրանքանիշի հետ համագործակցությամբ։ Դիզայնում համադրվել են հայկական ժառանգության տարրեր, ռետրո ոճն ու ֆուտբոլի աշխարհի չեմպիոններին ուղղված հղումները։
Տնային մարզաշապիկի հիմնական գույնը տուֆի երանգն է՝ քարի, որն անքակտելիորեն կապված է հայկական ճարտարապետության հետ։ Մարզաշապիկն ունի երկգույն կլոր օձիք՝ խաչվող տարրերով, իսկ գործվածքի վրա կան բարակ հորիզոնական գծեր։ Դրանց նախշը ներշնչված է «Սարդարապատ» հուշահամալիրի աշտարակից՝ ակումբի գլխավոր խորհրդանիշներից մեկից։
Արտագնա մարզաշապիկը բեժ գույնի է՝ բարակ զոլերով։ Օձիքն ու ընդհանուր ուրվագիծը հիշեցնում են նախորդ տասնամյակների դասական ֆուտբոլային մարզահագուստները։ Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, այս տարբերակը նախատեսված է նաև մարզադաշտից դուրս կրելու համար։
Առանձին ուշադրություն է դարձվել արտագնա մարզահագուստի ազգանունների և համարների տառատեսակին․ այն ներշնչված է Ֆրանսիայի հավաքականի այն մարզահագուստից, որով թիմը հաղթել է 1998 թվականի աշխարհի առաջնությունում։
Հավաքածուում ընդգրկվել է նաև երկարաթև մարզաշապիկ՝ հղում Անտուան Գրիզմանին՝ 2018 թվականի աշխարհի չեմպիոնին և «Սարդարապատի» բաժնետիրոջը։ Երկար թևերը դարձել են ֆրանսիացի հարձակվողի խաղային կերպարի ճանաչելի առանձնահատկություններից մեկը։

Յուրաքանչյուր մարզաշապիկի մեջքի հատվածում պատկերված են Հայաստանի դրոշը և ակումբի կարգախոսը՝ Born in Victory — «Հաղթանակից ծնված»։ Այն կապված է 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի հետ, որի պատվին ակումբը ստացել է իր անունը։ Դիզայնը լրացնում է Robey-ի խորհրդանիշը՝ ոսկեգույն քառատերև երեքնուկը։
Շնորհանդեսի ֆոտոշարքն իրականացվել է Արմավիրում։ Վինտաժային ոճով նկարահանմանը մասնակցել են հիմնական թիմի ֆուտբոլիստները, նրանց կանայք և 96-ամյա երկրպագու՝ ակումբի ամենատարեց աջակիցը։
Միաժամանակ «Սարդարապատը» ներկայացրել է ամբողջությամբ Հայաստանում արտադրված առօրյա հագուստի իր առաջին հավաքածուն։ Այն ներառում է ակումբային գույներով շապիկներ, սվիտշոթներ, հուդիներ և աքսեսուարներ։ Նորույթներն արդեն հասանելի են ակումբի պաշտոնական առցանց խանութում։
«Սարդարապատը» հիմնադրվել է Արմավիրում 2021 թվականին՝ հայազգի ֆրանսիացի իրավաբան Սևան Կարյանի կողմից։ 2025/26 մրցաշրջանում թիմը հաղթել է Հայաստանի Առաջին խմբում՝ չեմպիոնությամբ ավարտելով պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտի մրցաշրջանը։
«Սարդարապատը» համագործակցում է ֆրանսիական «Լանսի» հետ՝ երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման գործում հիմնվելով եվրոպական մոտեցումների վրա։ Հայկական ակումբի ակադեմիայում մարզվում են շուրջ 500 պատանիներ և աղջիկներ՝ ընդգրկված 23 թիմերում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0