SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հարվի Սարաջյանն ընտրել է Հայաստանի հավաքականը․ ՀՖՖ-ն հաստատել է «Օռլանդո Սիթիի» վինգերի որոշումը


Հարվի Սարաջյանն ընտրել է Հայաստանի հավաքականը․ ՀՖՖ-ն հաստատել է «Օռլանդո Սիթիի» վինգերի որոշումը
Ֆուտբոլ 💬 Comment

«Օռլանդո Սիթիի» 21-ամյա վինգեր Հարվի Սարաջյանը (Harvey Sarajian) ընդունել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Բանակցություններին անմիջական մասնակցություն է ունեցել Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը։ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողն անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի հետ Օռլանդոյում և քննարկել ազգային թիմին միանալու հնարավորությունը։

Մովսիսյանի խոսքով՝ ինքը վաղուց է հետևում Սարաջյանի ելույթներին։ Վինգերի վերջին արդյունավետ հանդիպումներից հետո նա կապ է հաստատել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ՝ առաջարկելով հրավիրել ֆուտբոլիստին։

«Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականին, որից հետո ես կապ հաստատեցի Հարվիի հետ։ Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիի հետ։ Նա համաձայնեց խաղալ մեր ազգային հավաքականում և շատ ուրախ էր նման հնարավորության համար», — պատմել է Մովսիսյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Սարաջյանը «Օռլանդո Սիթիի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ակումբի երկրորդ թիմի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման՝ գրանցելով վեց գոլ և վեց գոլային փոխանցում։

Սարաջյանը կարող է գործել հարձակման երկու եզրերում։ Հայաստանի հավաքականում հանդես գալու նրա որոշումն ընդլայնում է ազգային թիմի մարզչական շտաբի ընտրության հնարավորություններն այդ դիրքերում։

Մովսիսյանը նաև նշել է, որ ֆուտբոլիստի հայրն ու պապը հայեր են, իսկ նրա ընտանիքը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի հավաքականում Հարվիի հանդես գալու հնարավորությունը։

ՀՖՖ-ն առայժմ չի հայտնել, թե Սարաջյանը երբ կմիանա հավաքականին և երբ կարող է նշել իր նորամուտը։

Harvey Sarajian and Yura Movsisyan


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։