SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը նախատեսում է 2027 թվականին առաջին անգամ վեց հավաքականով մասնակցել բասկետբոլի Եվրոպայի տարիքային առաջնություններին


Հայաստանը նախատեսում է 2027 թվականին առաջին անգամ վեց հավաքականով մասնակցել բասկետբոլի Եվրոպայի տարիքային առաջնություններին
Բասկետբոլ 💬 Comment

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը պաշտոնավարման առաջին 100 օրերի ամփոփման շրջանակում ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման առաջնահերթությունները։ Հիմնական ծրագրերից են 2027 թվականին Եվրոպայի բոլոր վեց տարիքային առաջնություններին մասնակցությունը, չորս ակադեմիայի ստեղծումը և երիտասարդ խաղացողների պատրաստման համակարգի ընդլայնումը։

2026 թվականի հուլիսի 29-ին ֆեդերացիայի նախագահ ընտրված Նազարյանը հայտնել է, որ աշխատանքի առաջին ամիսներին հանդիպումներ է ունեցել մարզիչների, ակումբների, մարզական կառույցների ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ։ Նրա գնահատմամբ՝ բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և մանկապատանեկան մրցաշարերի ընդլայնմանը զուգահեռ պահպանվում են ենթակառուցվածքների, մասնագետների պատրաստման և կայուն ֆինանսավորման խնդիրները։

Ֆեդերացիայի ղեկավարը շեշտել է, որ առանձին ուշադրություն են պահանջում մարզերում բասկետբոլի զարգացումը և մարզաձևով զբաղվող աղջիկների թվի ավելացումը։

Վեց հավաքական՝ Եվրոպայի առաջնություններում

Նազարյանի խոսքով՝ 2027 թվականին Հայաստանն առաջին անգամ ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնություններում ներկայացված կլինի բոլոր վեց տարիքային հավաքականներով՝ Մ16, Մ18 և Մ20 տղամարդկանց ու կանանց թիմերով։

Հատուկ նշանակություն ունի Հայաստանի Մ20 կանանց հավաքականի առաջիկա նորամուտը Եվրոպայի առաջնությունում։ Ֆեդերացիայում դա դիտարկում են որպես կանանց բասկետբոլի զարգացման կարևոր քայլ։

Միաժամանակ Նազարյանը նպատակ է դրել աստիճանաբար անցնել մասնակցության ընդլայնումից դեպի ավելի բարձր տեղերի համար պայքար։

Եվրոպայի առաջնությունների նախապատրաստությունը ցանկանում են սկսել տարիներ առաջ

Հիմնական փոփոխություններից մեկը պետք է լինի պատանեկան հավաքականների հետ աշխատանքի վերակառուցումը։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ նախկինում Մ16 Եվրոպայի առաջնությունների նախապատրաստությունը հիմնականում սկսվում էր մրցաշարից երեք-չորս ամիս առաջ։ Այժմ նախատեսվում է այդ աշխատանքը սկսել 2,5–3 տարի շուտ։

Համակարգի հիմքում կլինեն մինչև 14 տարեկան խաղացողների զարգացման ծրագրերը։ Ֆեդերացիան մտադիր է զարգացնել Մ14 տղաների հավաքականը և ձևավորել այդ տարիքի աղջիկների պատրաստման համակարգ։ Թիմերի համար նախատեսվում են կանոնավոր մարզումներ, հավաքներ, միջազգային ընկերական հանդիպումներ և մրցաշարեր։

Ծրագիրը ներառելու է նաև ֆիզիկական պատրաստվածության գնահատում և անհատական աշխատանք բասկետբոլիստների հետ՝ ակումբային մարզիչների հետ սերտ համագործակցությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մարզերում հեռանկարային երեխաների հայտնաբերմանը։

Մարզեր, մարզիչներ և դպրոցական բասկետբոլ

Ֆեդերացիայում արդեն ձևավորվել է Մարզիչների կոմիտե։ Դրա գործունեությունը կապված է լինելու մասնագիտական կրթության, մարզիչների վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրության և պատանի խաղացողների պատրաստման մեթոդաբանության զարգացման հետ։ Նախատեսվում է շարունակել նաև օտարերկրյա մասնագետների ներգրավումը։

Մյուս ուղղությունը մարզային և համայնքային իշխանությունների, մարզադպրոցների ու հանրակրթական դպրոցների հետ համագործակցության ընդլայնումն է։ Ֆեդերացիան ակնկալում է ավելացնել բասկետբոլով զբաղվող երեխաների թիվը և աջակցել տեղական թիմերի զարգացմանը։

Դպրոցական բասկետբոլում 2027 թվականի հստակ նպատակ է սահմանվել «Վարչապետի գավաթ» մրցաշարում առնվազն 12 հազար աշակերտի մասնակցությունը։ Դրա համար կազմակերպիչները մտադիր են ներգրավել ավելի շատ դպրոցների՝ հատկապես մարզերից։

Չորս ակադեմիա և երկարաժամկետ նպատակ՝ Եվրոբասկետ

Հայկական բասկետբոլի՝ մինչև 2040 թվականը զարգացման երկարաժամկետ տեսլականի շրջանակում Նազարյանը ներկայացրել է չորս խոշոր ակադեմիայից բաղկացած ցանցի ստեղծման ծրագիրը։ Դրանցից երկուսը նախատեսվում է հիմնել Երևանում, մեկական՝ Գյումրիում և Վանաձորում։ Ընդհանուր առմամբ այնտեղ կկարողանա մարզվել շուրջ 1500 երեխա։

Այս համակարգի ձևավորումից հետո ֆեդերացիան նախատեսում է հասնել հետևյալ մարզական նպատակներին․

  • Վեց տարվա ընթացքում Մ16 տղամարդկանց և կանանց հավաքականներին ընդգրկել Եվրոպայի առաջնությունների B դիվիզիոնի լավագույն տասնյակում։

  • Ութ տարվա ընթացքում Մ16 հավաքականներին ընդգրկել B դիվիզիոնի լավագույն հնգյակում։

  • Նույն ութամյա ժամանակահատվածում Մ18 և Մ20 տղամարդկանց ու կանանց թիմերին ընդգրկել B դիվիզիոնի լավագույն տասնյակում։

  • Տասը տարվա ընթացքում ապահովել տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների մասնակցությունը Եվրոբասկետի եզրափակիչ փուլերին։

Նազարյանը շեշտել է, որ այս ծրագրերի իրականացումը պահանջելու է ներդրումներ, ժամանակակից ենթակառուցվածքներ, որակյալ մարզիչներ և մրցունակ ներքին առաջնություններ։ Գլխավոր խնդիրը նա համարել է կայուն համակարգի ստեղծումը, որը կկարողանա հետևողականորեն պատրաստել խաղացողների նոր սերունդներ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։