Հայկ Մարտիրոսյանը Կարլսենի հետ նույն խմբում կխաղա Բուդապեշտի Total Chess մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour Pilot առաջին մրցաշարին, որը կանցկացվի Բուդապեշտում՝ նոյեմբերի 10–20-ը։ Հայ գրոսմայստերն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներից մեկը կլինի Մագնուս Կարլսենը։
Norway Chess-ի մշակած և ՖԻԴԵ-ի հավանությանն արժանացած մրցաշարին կմասնակցեն 24 շախմատիստներ։ Նրանք կփորձարկեն նոր ձևաչափ, որը միավորում է երեք մրցաձև՝ Fast Classic՝ արագացված դասական շախմատ, արագ շախմատ և կայծակնային շախմատ։ Հունգարիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարը փորձնական փուլ կլինի 2027 թվականին լիարժեք մրցաշարային շարքի մեկնարկից առաջ։
Մարտիրոսյանից և Կարլսենից բացի, C խմբում հանդես կգան Անիշ Գիրին, Յան Նեպոմնյաշչին, Շահրիյար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։ Խմբային փուլը կանցկացվի նոյեմբերի 11–15-ը․ յուրաքանչյուր մասնակից մյուս մրցակիցներից յուրաքանչյուրի հետ կխաղա երկու պարտիա՝ 45 րոպե և յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով ժամանակակարգով։ Հաղթանակի համար կտրվի երեք միավոր, ոչ-ոքիի համար՝ մեկ։
Խմբային փուլում հայ շախմատիստի առաջին մրցակիցը կլինի Շահրիյար Մամեդյարովը․ նրանց երկու պարտիաները նախատեսված են նոյեմբերի 11-ին։ Մարտիրոսյանի և Կարլսենի հանդիպումները կկայանան նոյեմբերի 13-ին։
Սակայն մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 10-ին՝ առանձին Blitz Swiss մրցումով։ Բոլոր 24 մասնակիցները շվեյցարական մրցակարգով կանցկացնեն ինը տուր՝ երեք րոպե և յուրաքանչյուր քայլին երկու վայրկյան հավելումով ժամանակակարգով։ Մեկնարկային պարտիայում Մարտիրոսյանը սև խաղաքարերով կհանդիպի Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Կայծակնային մրցաշարի վերջնական դասակարգումը կօգտագործվի խմբերում միավորների հավասարության դեպքում, ինչպես նաև փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչների զույգերը որոշելու համար։
Գլխավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն չորս խմբերի հաղթողները։ Մյուս շախմատիստները ևս կմնան մրցաշարում և փլեյ-օֆֆի առանձին ցանցերում կվիճարկեն 5–24-րդ տեղերը։
Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 650 հազար դոլար։ Հաղթողը կստանա 80 հազար, իսկ վերջին տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 10 հազար դոլար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0