«Բարսելոնայի» հավանական նորեկ Ռունի Բարդաղջին ունի հայկական արմատներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա «Կոպենհագենի» եզրային հարձակվող Ռունի Բարդաղջին, ով մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, պարզվեց՝ ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ է, այլև հայկական արմատներ ունի։ Այս մասին հայտնում է Sportaran.com-ը։
Բարդաղջին ծնվել է Քուվեյթում, իսկ նրա ծնողները ծագում են սիրիական Հալեպ քաղաքից։ TheMatchMinute-ի տվյալներով՝ նա ունի հայկական արմատներ հոր կողմից։
Ստուգելու համար տեղեկությունը՝ Sportaran.com-ի խմբագրությունը կապ է հաստատել Ալբերտ Թամոյանի հետ՝ Հայաստանի պատանեկան հավաքականի ապագա խաղացողի, ով լավ է ճանաչում Բարդաղջիների ընտանիքը։
«Այո, իհարկե։ Ես և Ռայանը՝ Ռունիի փոքր եղբայրը, շատ լավ ընկերներ ենք։ Նա հոր կողմից հայկական արմատներ ունի. պապիկը Հալեպի հայ է», — հաստատել է Թամոյանը։
Ռունի Բարդաղջին անցկացրել է 9 հանդիպում Շվեդիայի պատանեկան հավաքականի կազմում։ 2023/24 մրցաշրջանում նա խփել է 7 գոլ Դանիայի Սուպերլիգայում, սակայն 2024/25 մրցաշրջանում վնասվածքի պատճառով քիչ է խաղացել։
Նրա 15-ամյա եղբայրը՝ Ռայանը, հանդես է գալիս «Կոպենհագենի» ակադեմիայում և արդեն հրավիրվել է Շվեդիայի պատանեկան հավաքական։ Հենց այնտեղ էլ նա ծանոթացել է Ալբերտ Թամոյանի հետ։
Թամոյանն օգտագործելով առիթը՝ հայտնել է, որ պատրաստ է օգնել Հայաստանի հավաքականին.
«Եթե ուզում են խաղեր շահել՝ պետք են ինձ», — ասել է պատանի հարձակվողը, ով հանդես է գալիս շվեդական «Հելսինգբորգ U17»-ում և արդեն 17 գոլ է խփել այս մրցաշրջանում։
Այսպիսով, Ռունի Բարդաղջիի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա» դառնում է ոչ միայն սենսացիոն տրանսֆեր, այլև հայկական սփյուռքի հպարտության առիթ։ Իսկ գուցե ապագայում տեսնենք Բարդաղջի եղբայրներից մեկին Հայաստանի հավաքականի կազմում։
Ալբերտ Թամոյան. «Հրավիրվել էի Շվեդիայի հավաքական, բայց որոշեցի խաղալ Հայաստանի համար»։