Մխիթարյանը գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ․ ինչպես իտալական ԶԼՄ-ները գնահատեցին հայ ֆուտբոլիստի խաղը
Photo by Silvia Lore/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հենրիխ Մխիթարյանը դարձավ Սերիա Ա-ի 36-րդ տուրի «Լացիո» — «Ինտեր» հանդիպման հերոսներից մեկը։ Միլանյան ակումբը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը խփեց իր թիմի երրորդ գոլը և խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» այս խաղին մոտեցել էր արդեն Իտալիայի չեմպիոնի կարգավիճակով, սակայն Կրիստիան Կիվուի թիմը ցույց տվեց, որ սկուդետտոն նվաճելուց հետո էլ չի պատրաստվում նվազեցնել տեմպը։ Ներաձուրիները լիովին գերազանցեցին Մաուրիցիո Սարիի «Լացիոյին» և վստահ հայտ ներկայացրին այս թիմերի հաջորդ հանդիպումից առաջ՝ արդեն Իտալիայի գավաթի եզրափակիչում։
Հանդիպման հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինացի հարձակվողի համար սա Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում 17-րդ գոլն էր, և նա շարունակում է գլխավորել ռմբարկուների մրցավազքը։ Դեռ ընդմիջումից առաջ «Ինտերը» կրկնապատկեց առավելությունը Պետար Սուչիչի գոլի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում «Լացիոյի» վիճակն ավելի բարդացավ․ խաղի ավարտից մոտ 25 րոպե առաջ հռոմեական թիմի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ Անժ-Յոան Բոնիի նկատմամբ։
Վերջնական հաշիվը ձևակերպեց Հենրիխ Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանը միացավ գրոհին, գնդակը ստացավ տուգանային հրապարակում, գեղեցիկ կեղծ հարվածով շրջանցեց Ադամ Մարուշիչին և ձախ ոտքով հարվածեց դարպասի վերին հատվածը։ Այս գոլը Մխիթարյանի համար դարձավ երկրորդն անընդմեջ․ ավելի վաղ նա աչքի էր ընկել «Պարմայի» դեմ խաղում։
37-ամյա ֆուտբոլիստի համար սա ևս մեկ վառ պահ էր մրցաշրջանի վերջնամասում։ Մխիթարյանը կրկին ցույց տվեց, որ «Ինտերի» համար կարևոր ֆիգուր է ոչ միայն իր փորձի, այլև խաղադաշտի կենտրոնում կատարած աշխատանքի, առանց գնդակի շարժման և որոշիչ պահերին գրոհներին միանալու կարողության շնորհիվ։
Մխիթարյանի վիճակագրությունը «Լացիոյի» դեմ խաղում
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը և SofaScore-ից ստացավ բարձր գնահատական՝ 8,1։
Մխիթարյանի վիճակագրությունը «Լացիոյի» դեմ խաղում
Խաղացած րոպեներ՝ 90+
Հարվածներ՝ 1
Գոլեր՝ 1
Ճշգրիտ փոխանցումներ՝ 56 (86%)
Հաջող դրիբլինգ՝ 1-ից 1
Գնդակի կորուստներ՝ 11
Գնդակի հեռացումներ՝ 2
Գնդակի վերադարձներ՝ 10
Հաղթած մենապայքարներ՝ 4-ից 8
Խախտումներ՝ 2
SofaScore գնահատական՝ 8,1
Մխիթարյանն ակտիվ էր խաղի երկու փուլերում էլ․ նա օգնում էր թիմին գնդակի առաջխաղացման հարցում, մասնակցում էր մենապայքարներին, վերադառնում էր պաշտպանություն և ի վերջո հանդիպումն ավարտեց դիպուկ հարվածով։
Ինչպես իտալական ԶԼՄ-ները գնահատեցին Մխիթարյանի խաղը
Իտալական մամուլը ընդհանուր առմամբ բարձր գնահատեց հայ կիսապաշտպանի ելույթը։ Պարբերականների մեծ մասը Մխիթարյանին գնահատեց 7 բալով։
Eurosport — 6,5
Իր թիմի բոլոր ֆուտբոլիստների մեջ նա հանդիպման զգալի հատվածում ամենաքիչ ներգրավվածն էր թվում խաղում։ Բավական շուտ սկսեց էներգիայի պակաս զգալ, սակայն հետո գոլի դրվագում ցույց տվեց իր ամբողջ որակը՝ դարձնելով հաշիվը 3:0։
Leggo — 7
Նվիրվածություն, տակտիկական իմաստություն և մշտական շարժում։ Օրինակ երիտասարդ ֆուտբոլիստների համար, Կիվուի համար բացարձակ երաշխիք՝ քանակի և որակի տեսանկյունից։ Խաղն ավարտեց գեղեցիկ՝ խփելով 3:0 հաշիվը ձևակերպած գոլը՝ երկրորդն անընդմեջ։ Լեռնցի։
Sport.Virgilio — 7
Երկրորդ խաղակեսում ավելացրեց, թեև առանձնապես վտանգավոր չէր։ Խփեց հանդիպման երրորդ գոլը տուգանային հրապարակ կատարած պոկման, Մարուշիչի դեմ կատարած խաբսի և ձախ ոտքով դարպասի վերին հատվածին հասցված հարվածի շնորհիվ։
FCInter1908 — 7
Նա նույնպես մեծ աշխատանք կատարեց դաշտի կենտրոնում, թեև միշտ չէ, որ ճշգրիտ էր։ Բայց մշտապես աջակցում էր գրոհներին, չէր վախենում գնդակ վերցնել իր վրա և նույնիսկ կրկին զգաց գոլի համը։ Հեռանում է շատ գեղեցիկ։
Calciomercato — 7
Լինելով հեռանալուն մոտ՝ նա, ակնհայտորեն, ցանկանում է հրաժեշտ տալ յուրահատուկ ձևով և վերջին երկու խաղերում խփում է երկրորդ գոլը։ Այս անգամ՝ գեղեցիկ կեղծ հարվածից հետո, որով շրջանցեց Մարուշիչին, և հաջորդ հարվածով ձևակերպեց վերջնական 0:3 հաշիվը։
90min — 7
Վազում է այնպես, կարծես չորս թոք ունի։ Իր գոլով նա տեղը դրեց «Լացիոյին», որը փորձում էր գլուխը հանել պատյանից։
Tuttomercatoweb — 7
Կոշտ, իսկական հանդիպում էր՝ բոլորովին ոչ մրցաշրջանի վերջի խաղի նման, երբ նպատակն արդեն իրագործված է։ Վազում էր յուրաքանչյուր գնդակի հետևից և իրեն թույլ տվեց գոլ խփելու հաճույքը․ փափուկ ընդունեց գնդակը, Մարուշիչին «սուրճի ուղարկեց» և Մոտտային շանս չթողեց։
Nerazzurri Siamo Noi — 6,5
Առաջին խաղակեսում կատարեց իր աշխատանքը։ Ընդմիջումից հետո խփեց գոլը, որը փակեց հանդիպման հարցը․ չորրորդը առաջնության մեկնարկից ի վեր և երկրորդն անընդմեջ՝ «Պարմայի» դեմ խփած գոլից հետո։
«Ինտերը» և «Լացիոն» կրկին կհանդիպեն Իտալիայի գավաթի եզրափակիչում
«Լացիոյի» նկատմամբ հաղթանակը «Ինտերի» համար լավ փորձարկում դարձավ ավելի կարևոր հանդիպումից առաջ։ Արդեն չորեքշաբթի՝ մայիսի 13-ին, թիմերը կրկին կհանդիպեն «Օլիմպիկոյում»։ Այս անգամ խաղարկվելու է տիտղոսը՝ 2025/26 մրցաշրջանի Իտալիայի գավաթը։
Եզրափակիչը կմեկնարկի տեղական ժամանակով 21:00-ին։ «Ինտերի» համար սա մրցաշրջանը ևս մեկ տիտղոսով ավարտելու հնարավորություն է, իսկ Մխիթարյանի համար՝ իր հավաքածուն հերթական գավաթով համալրելու և, հնարավոր է, պրոֆեսիոնալ կարիերայի վերջին մեծ հանդիպումներից մեկն անցկացնելու շանս։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0