Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան․ «Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հենրիխ Մխիթարյանի ապագան մրցաշրջանի ավարտական հատվածում շարունակում է մնալ հայկական երկրպագուների գլխավոր թեմաներից մեկը։ Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «Ինտերը» պատրաստ է երկարաձգել 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մինչև 2027 թվականը, սակայն ֆուտբոլիստն ինքն էլ դիտարկում է մեկ այլ տարբերակ՝ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելը։
Մխիթարյանի՝ ֆուտբոլից հնարավոր հեռանալու մասին հայտնել է նաև Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա տվյալներով՝ կարիերան ավարտելու տարբերակը հայ կիսապաշտպանի համար այս պահին «շատ կոնկրետ հնարավորություն» է։ Միևնույն ժամանակ Մխիթարյանը չի ցանկացել դիտարկել այլ ակումբներից ստացված առաջարկները․ ընտրությունը փաստացի մնում է ևս մեկ մրցաշրջան «Ինտերում» անցկացնելու և ֆուտբոլին հրաժեշտ տալու միջև։
Հենրիխը վերջնական որոշումը պետք է կայացնի մոտ ժամանակներս։ «Ինտերի» համար Մխիթարյանը շարունակում է մնալ կարևոր ֆուտբոլիստ ոչ միայն խաղադաշտում, այլ նաև հանդերձարանում։ Չնայած տարիքին՝ հայ կիսապաշտպանը շարունակում է հայտնվել հիմնական կազմում և արդյունք ապահովել թիմի համար։
Նախօրեին Մխիթարյանը ամբողջությամբ մասնակցեց Սերիա Ա-ի 36-րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղին և դարձավ գոլի հեղինակ։ «Ինտերը» վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով, իսկ Հենրիխը դարձավ հանդիպման հերոսներից մեկը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ։
Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այդ ընթացքում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև միլանյան ակումբի հետ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Հայկական ֆուտբոլի համար Մխիթարյանի հնարավոր կարիերայի ավարտը պատմական պահ կլինի․ խոսքը Հայաստանի անկախության տարիների ամենահաջողակ ֆուտբոլիստի մասին է։
Առայժմ ինտրիգան պահպանվում է։ «Ինտերը» պատրաստ է պահել Մխիթարյանին ևս մեկ մրցաշրջան, սակայն վերջին խոսքը կլինի հենց ֆուտբոլիստինը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0