Անդրեա Բոչելլին ելույթ կունենա Աշխարհի 2026 թվականի առաջնության բացման արարողությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լեգենդար իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելլին կլինի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության գլխավոր մասնակիցներից մեկը։
Ինչպես հայտնում է FIFA-ի մամուլի ծառայությունը, աշխարհահռչակ կատարողը հարավկորեա-ամերիկացի երգչուհի EJAE-ի հետ առաջին անգամ կներկայացնի DNA ստեղծագործությունը՝ 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը։ Երգի պրեմիերան կկայանա հունիսի 11-ին Մեխիկոյում՝ մրցաշարի մեկնարկային խաղից առաջ։
Բացման արարողությունը տեղի կունենա հանրահայտ «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում, որտեղ Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավային Աֆրիկայի ազգային թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
2026 թվականի աշխարհի առաջնությունը պատմական կլինի միանգամից մի քանի առումով։ Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, ինչպես նաև առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Ընդհանուր առմամբ թիմերը կանցկացնեն 104 հանդիպում։
Մունդիալի եզրափակիչը նախատեսված է հուլիսի 19-ին և կկայանա Նյու Ջերսիի MetLife մարզադաշտում։
Մեխիկոյում կայանալիք մրցաշարի բացումը պետք է դառնա աշխարհի առաջնության առաջին օրվա ամենավառ իրադարձություններից մեկը։ Ֆուտբոլային ծրագրից բացի՝ երկրպագուներին սպասվում է մասշտաբային երաժշտական շոու՝ համաշխարհային բեմի աստղերի մասնակցությամբ։