Սպերցյանի գոլային փոխանցումն օգնեց «Ալ-Ահլիին» հաղթել «Ալ-Ղարաֆային» Ասիայի Չեմպիոնների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալ-Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում 2:1 հաշվով հաղթեց Կատարի «Ալ-Ղարաֆային»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, իսկ մրցաշարի գործող չեմպիոնները հաղթանակ կորզեցին հանդիպման վերջնամասում։
Արդեն 4-րդ րոպեին Սպերցյանի փոխանցումից Այվան Թոունին բացեց հաշիվը։ 53-րդ րոպեին Ֆլորինել Կոմանը վերականգնեց հավասարությունը, սակայն վերջին խոսքն ասաց «Ալ-Ահլին»․ 86-րդ րոպեին Մաթեուս Գոնսալվեսը խփեց հաղթական գոլը։
Երեք տուրից հետո «Ալ-Ահլին» վաստակել է յոթ միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով «Ալ-Այնին»։
Սպերցյանը խաղադաշտում անցկացրեց 64 րոպե և Sofascore-ից ստացավ 6,7 գնահատական։ Գոլային փոխանցումից բացի, հայ կիսապաշտպանը կատարեց երեք առանցքային փոխանցում և երկու ճշգրիտ եզրային փոխանցում։
Խաղից հետո Սպերցյանը նշեց, որ թիմը կարող էր ավելի արդյունավետ օգտագործել իր հնարավորությունները։
«Սա իսկապես բարդ հանդիպում էր։ Մենք շատ լավ սկսեցինք և կարողացանք արագ գոլ խփել։ Բայց պատշաճ խաղ չցուցադրեցինք․ պահեր ստեղծում էինք, սակայն դրանցից շատերը չօգտագործեցինք։ Կարծում եմ՝ դա մեր սխալն էր։
Չնայած դրան՝ մենք բնավորություն և հոգեբանական ամրություն դրսևորեցինք, որոնք օգնեցին մեզ հաղթանակի հասնել։ Այս պահին մեր երկրպագուների առջև հաղթելը շատ կարևոր է։ Շատ շնորհակալ ենք նրանց աջակցության համար»։
Խոսելով թիմի նպատակների մասին՝ Սպերցյանն ընդգծեց, որ «Ալ-Ահլիի» գլխավոր խնդիրը շարունակում է մնալ տիտղոսի պահպանումը և մրցաշարում երրորդ հաղթանակը։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը հանդիպմանը․
-
Հարվածներ՝ 1, սպասվող գոլեր (xG)՝ 0,17։
-
Չիրացված գոլային պահեր՝ 1։
-
Գոլային փոխանցումներ՝ 1։
-
Ստեղծած գոլային պահեր՝ 1։
-
Առանցքային փոխանցումներ՝ 3, սպասվող գոլային փոխանցումներ (xA)՝ 0,55։
-
Ճշգրիտ եզրային փոխանցումներ՝ 2-ից 2-ը։
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 28 (76%)։
-
Իր նկատմամբ թույլ տրված խախտումներ՝ 1։
-
Գնդակի վերադարձներ՝ 1։
-
Հաղթած մենապայքարներ՝ 6-ից 1-ը։
-
Գնդակի կորուստներ՝ 15։
-
Sofascore-ի գնահատական՝ 6,7։