Ժոաու Բրավիմը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա». Հայաստանի չեմպիոնի նոր դարպասապահը Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարել է 28-ամյա բրազիլացի դարպասապահ Ժոաու Բրավիմի հետ պայմանագիր կնքելու մասին։ Դարպասապահը համալրել է Հայաստանի գործող չեմպիոնի կազմը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի մեկնարկից առաջ։
Վերջին երկու մրցաշրջանները Բրավիմն անցկացրել է Պորտուգալիայում, որտեղ հանդես է եկել երկրի երկրորդ ուժեղագույն լիգայում՝ «Լեյրիա» և «Ալվերկա» ակումբների կազմում։ Բրազիլացի դարպասապահի ակտիվում կա նաև մեկ հանդիպում Պորտուգալիայի բարձրագույն լիգայում՝ «Կասա Պիայի» կազմում։
Ժոաու Բրավիմը բրազիլական «Կրուզեյրոյի» սան է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո, իսկ հասակը 192 սմ է։
Բրավիմը «Արարատ-Արմենիայում» կփոխարինի Բրունու Պինտուին
Սպասվում է, որ Բրավիմը կդառնա պորտուգալացի դարպասապահ Բրունու Պինտուի փոխարինողը, որն արդեն հեռացել է «Արարատ-Արմենիայից»։ Երևանյան ակումբի համար նոր դարպասապահի ձեռքբերումը հատկապես կարևոր է եվրագավաթային մեկնարկից առաջ։
Արդեն հուլիսի 7-ին «Արարատ-Արմենիան» կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի լատվիական «Ռիգան»։
Թիմի համար սա կլինի նոր մրցաշրջանի առաջին լուրջ փորձությունը, իսկ Բրավիմը կարող է հնարավորություն ստանալ «Արարատ-Արմենիայի» կազմում իր նորամուտը նշել հենց եվրագավաթային դիմակայությունում։