Հայաստանի կանանց հավաքականը ջախջախեց Ալբանիային և Չեռնոգորիայի հետ կպայքարի խմբի առաջին տեղի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի Եվրոպական գոտու III խմբում։
Խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը վստահ հաղթեց Ալբանիային՝ 3:0 հաշվով։ Հայ թենիսիստուհիները լիովին գերազանցեցին մրցակցին բոլոր հանդիպումներում և վեց սեթում ալբանացի մարզուհիներին զիջեցին ընդամենը չորս գեյմ։
Առաջին մենախաղում Անի Ամիրաղյանը հաղթեց Քրիստալ Դուլեին՝ 6:1, 6:1 հաշվով։ Այնուհետև Էլինա Ավանեսյանը որևէ շանս չտվեց Էնկի Հիսենիին՝ հաղթելով 6:0, 6:0 հաշվով։
Զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը նույնպես վստահ հաղթանակ տարան՝ 6:1, 6:1 հաշվով առավելության հասնելով Գրեսի Բայրի / Էնկի Հիսենի զույգի նկատմամբ։
Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 19-ին՝ Չեռնոգորիայի դեմ։ Այդ դիմակայությունը որոշիչ կլինի խմբում առաջին տեղի համար պայքարում, քանի որ Չեռնոգորիայի հավաքականը նույնպես տարել է երկու հաղթանակ։
Միայն խմբի հաղթողը կշարունակի պայքարը ավելի բարձր խումբ տեղափոխվելու համար։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին։
