Սպարտակ Միքայելյանը նոկաուտով տարավ իր չորրորդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ MMA-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
21-ամյա հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը շարունակում է իր տպավորիչ հաղթարշավը խառը մենամարտերի (MMA) պրոֆեսիոնալ մրցաշարերում։ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած Tuff-N-Uff 158 մրցաշարում նա առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Մոնտրել Ջեյմսին։
Միքայելյանի համար սա դարձավ չորրորդ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայի չորս մենամարտերում։ Ընդ որում, հայ մարզիկն իր բոլոր մենամարտերն ավարտել է ժամանակից շուտ՝ մրցակիցներին հնարավորություն չտալով հասնել եզրափակիչ ազդանշանին։
Մոնտրել Ջեյմսը, որը մենամարտից առաջ ուներ 9 հաղթանակ և 16 պարտություն, չկարողացավ կանգնեցնել հեռանկարային հայ մարտիկին։
Հատկանշական է, որ Միքայելյանը պրոֆեսիոնալ MMA-ում նորամուտը նշել է միայն 2026 թվականին։ Իր բոլոր մենամարտերը նա անցկացրել է ամերիկյան Tuff-N-Uff կազմակերպության հովանու ներքո՝ տոնելով չորս անընդմեջ վաղաժամ հաղթանակ։
Ավելի վաղ Սպարտակ Միքայելյանը, ներկայացնելով Հայաստանը, դարձել էր սիրողական MMA-ի աշխարհի չեմպիոն։ Այժմ 21-ամյա մարզիկը հաջողությամբ իր փորձը տեղափոխում է պրոֆեսիոնալ մակարդակ և պահպանում անպարտելի ցուցանիշը՝ 4-0։