Կարեն Ասլանյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարեն Ասլանյանը նվաճել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի 2026 թվականի առաջնության ոսկե մեդալը՝ մինչև 63 կգ քաշային կարգում։ Եզրափակչում Հայաստանի 31-ամյա ներկայացուցիչը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին՝ կարիերայում առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն։
Ասլանյանը փայլուն մրցաշար անցկացրեց՝ վճռորոշ գոտեմարտի ճանապարհին տոնելով չորս հաղթանակ ժամանակից շուտ։ Իսկ եզրափակչում նա կարողացավ բեկել պայքարի ընթացքը աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներ նվաճած մրցակցի դեմ։
0:4-ից դեպի չեմպիոնական ոսկի
Եզրափակիչ գոտեմարտը սկսվեց Մամադլիի արդյունավետ գրոհով․ ադրբեջանցի ըմբիշը կատարեց չորս միավորանոց նետում և առաջ անցավ 4:0 հաշվով։ Սակայն Ասլանյանը արագ պատասխանեց երկու միավորանոց նետումով, ապա կրճատեց տարբերությունը մինչև նվազագույնը՝ 3:4։
Դեռ ընդմիջումից առաջ հայ ըմբիշը կատարեց տպավորիչ չորս միավորանոց նետում և առաջ անցավ՝ 7:4։
Երկրորդ մրցափուլում Ասլանյանը վստահ պաշտպանվում էր՝ մրցակցին թույլ չտալով միավոր վաստակել։ Վերջնամասում նա ևս մեկ միավոր ստացավ մրցակցին գորգից դուրս մղելու համար և սահմանեց վերջնական հաշիվը՝ 8:4։

Չորս հաղթանակ ժամանակից շուտ և աշխարհի չեմպիոնի առաջին տիտղոսը
Հատկապես տպավորիչ ստացվեց կիսաեզրափակիչը, որտեղ Ասլանյանը տեխնիկական առավելությամբ՝ 12:4 հաշվով, ժամանակից շուտ հաղթեց Բուլղարիան ներկայացնող աշխարհի փոխչեմպիոն Էդմոնդ Նազարյանին։
Մինչև եզրափակիչ հայ ըմբիշը չորս գոտեմարտում կատարել էր ութ չորս միավորանոց նետում։ Ընդ որում, նրա մրցակիցների թվում էին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ, ինչպես նաև Ասիայի չեմպիոն։
Կիսաեզրափակիչ գոտեմարտից հետո Ասլանյանը բարձրացրեց Նազարյանի ձեռքը, ապա մարզիկները ջերմ զրուցեցին՝ ցուցադրելով փոխադարձ հարգանք։
Մինչ այս մրցաշարը աշխարհի առաջնություններում Կարենի լավագույն արդյունքը 2024 թվականին նվաճած բրոնզե մեդալն էր։ Բացի այդ, նա հինգ անգամ դարձել է Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ Այժմ այս նվաճումներին ավելացավ աշխարհի առաջնության առաջին ոսկին։
Հայաստանի հավաքականի համար, որը դժվարությամբ էր մեկնարկել այս առաջնությունում, Ասլանյանի հաղթանակը դարձավ կարևորագույն հաջողություն։ Այսօր բրոնզե մեդալների համար կպայքարեն նաև Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ)։