Հինգ հայ մարզիկ կմասնակցի Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը Սենեգալի մայրաքաղաք Դակարում կանցկացվեն IV ամառային պատանեկան օլիմպիական խաղերը։ Հայաստանի հավաքականը մրցաշարում կներկայացնեն հինգ մարզիկներ, որոնք հանդես կգան չորս մարզաձևերում՝ լող, բռնցքամարտ, թաեքվոնդո և աթլետիկա։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն լողորդները։ Արդեն նոյեմբերի 1-ին Վլադիմիր Վարոսյանը կմասնակցի 100 մետր բատերֆլայ լողաոճի մրցմանը, իսկ նոյեմբերի 4-ին Մարգարիտա Գևորգյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճի լողատարածությունում։
Նոյեմբերի 7-ից մրցումները կսկսի բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը, որը մեդալների համար կպայքարի մինչև 65 կգ քաշային կարգում։
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, պայքարի մեջ կմտնեն ևս երկու հայ մարզիկներ։ Դավիթ Գրիգորյանը կմասնակցի թաեքվոնդոյի մրցաշարին՝ մինչև 55 կգ քաշային կարգում, իսկ Աստղիկ Փանոսյանը հանդես կգա 100 մետր վազքի մրցումներում։
Հայաստանի հավաքականի կազմն ու ելույթների ժամանակացույցը
-
Նոյեմբերի 1 — Վլադիմիր Վարոսյան (լող, 100 մ բատերֆլայ)։
-
Նոյեմբերի 4 — Մարգարիտա Գևորգյան (լող, 50 մ ազատ ոճ)։
-
Նոյեմբերի 7 — Սուրեն Կատվալյան (բռնցքամարտ, մինչև 65 կգ, մրցումների մեկնարկ)։
-
Նոյեմբերի 8 — Դավիթ Գրիգորյան (թաեքվոնդո, մինչև 55 կգ)։
-
Նոյեմբերի 8 — Աստղիկ Փանոսյան (աթլետիկա, 100 մ վազք)։
2026 թվականի պատանեկան օլիմպիական խաղերը պատմական կլինեն. առաջին անգամ օլիմպիական շարժման հովանու ներքո անցկացվող մրցումները տեղի կունենան Աֆրիկյան մայրցամաքում։ Մրցաշարին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից շուրջ 2700 երիտասարդ մարզիկներ, որոնք մեդալների համար կպայքարեն 25 մարզաձևերում։
Բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, իսկ խաղերը կավարտվեն նոյեմբերի 13-ին։ Հայաստանի հինգ ներկայացուցիչների համար Սենեգալում կայանալիք մրցումները միջազգային օլիմպիական հարթակում իրենց կարողությունները ցուցադրելու հնարավորություն կլինեն։