Երևանում ավարտվեց առաջին միջազգային Tour of Armenia հեծանվավազքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 13-ին Երևանում ավարտվեց առաջին միջազգային բազմօրյա Tour of Armenia հեծանվավազքը, որի երթուղին անցնում էր Հայաստանի մի քանի մարզերով։
Ընդհանուր հաշվարկի հաղթող դարձավ իտալացի հեծանվորդ Սիմոնե Ռաչչանին։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Դանիայի ներկայացուցիչ Կևին Բիլը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ևս մեկ իտալացի՝ Լուկա Կովիլին։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Կիրիլ Միլլերը, որը վերջնական դասակարգման մեջ զբաղեցրեց 38-րդ տեղը։
Tour of Armenia-ն բաղկացած էր չորս փուլից։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմեց մոտ 587 կիլոմետր, իսկ բարձրության ընդհանուր հավաքը՝ շուրջ 5300 մետր։ Մասնակիցները մրցեցին Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի ճանապարհներով, իսկ եզրափակիչ փուլն անցկացվեց Երևանում։
Մրցաշարի ծրագիրը.
- Սեպտեմբերի 10 — Գավառ – Մեծ Մասրիկ, 135 կմ,
- Սեպտեմբերի 11 — Կիրանց – Ստեփանավան, 176 կմ,
- Սեպտեմբերի 12 — Մարտունի – Դիլիջան / Պարզ լիճ, 164 կմ,
- Սեպտեմբերի 13 — Երևան, 110 կմ, 10 շրջան։
Մրցմանը մասնակցեցին մարզիկներ և թիմեր Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլ երկրներից։
Առաջին Tour of Armenia-ի առանձնահատկություններից մեկը ոչ միայն մարզական, այլև զբոսաշրջային բաղադրիչն էր։ Երթուղին անցնում էր Հայաստանի գեղատեսիլ վայրերով, իսկ հեռուստատեսային հեռարձակումների ընթացքում հանդիսատեսին ներկայացվում էին երկրի պատմությունը, մշակութային ժառանգությունը և հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերը։

Մրցաշարի հեռարձակումները հասանելի էին միջազգային լսարանին, ինչի շնորհիվ Tour of Armenia-ն դարձավ նաև Հայաստանի և երկրի զբոսաշրջային ներուժը արտերկրում ներկայացնելու լրացուցիչ հնարավորություն։
Երևանում անցկացված եզրափակիչ փուլն ամփոփեց քառօրյա մրցաշարը և որոշեց Tour of Armenia-ի առաջին հաղթողին՝ իտալացի Սիմոնե Ռաչչանիին։