Հայաստանում քննարկել են երիտասարդական աշխարհի առաջնությանը ընդառաջ նոր մարզադաշտերի կառուցումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանում շարունակվում է 2029 թվականի ֆուտբոլի երիտասարդական աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Այս գործընթացի շրջանակում քննարկվում են Իջևանում և Վանաձորում ժամանակակից մարզադաշտերի կառուցման և վերակառուցման նախագծերը, որոնք պետք է համապատասխանեն UEFA-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է անցկացրել միջազգային VenueERA Holding ընկերության ներկայացուցիչների հետ, որն զբաղվում է այս նախագծերի իրականացմամբ։ Ընկերության պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր տնօրեն Յան Յենցան։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մարզադաշտերի կառուցումն ու վերակառուցումը կարևոր նշանակություն ունեն 2029 թվականի ֆուտբոլի երիտասարդական աշխարհի առաջնությանը ընդառաջ։ Հիշեցնենք, որ FIFA-ն արդեն հաստատել է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը՝ մրցաշարն անցկացնելու համար։ Առաջնության հանդիպումները նախատեսվում է անցկացնել Երևանում, Վանաձորում և Իջևանում։
Նախարարի խոսքով՝ նախագիծը կարևոր է ոչ միայն ֆուտբոլի զարգացման, այլև մարզերի ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության աճի և տեղական բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։ Նա նշել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված ժամկետներում և միջազգային որակի չափանիշների պահպանմամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև FIFA-ի և UEFA-ի տեխնիկական պահանջները։ Նշվել է, որ մարզադաշտերը պետք է շահագործման պատրաստ լինեն մրցաշարի մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ։
Առանձին ուշադրություն է դարձվել ճանապարհային հասանելիության, լոգիստիկայի, ջրամատակարարման, հրդեհային անվտանգության և հարակից տարածքների ընդլայնման հարցերին։ Աշխատանքների առավել արդյունավետ համակարգման համար նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բոլոր պատասխանատու կառույցների մասնակցությամբ։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունն արդեն միջոցներ էր հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում ֆուտբոլային մարզադաշտի կառուցման, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման և այն UEFA-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Ակնկալվում է, որ Իջևանի և Վանաձորի մարզադաշտերը կդառնան տարածաշրջանային նշանակության ժամանակակից մարզական կենտրոններ։ Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի մոտ 10 հազար հանդիսականի համար։
VenueERA Holding ընկերությունն ունի UEFA-ի պահանջներին համապատասխանող խոշոր մարզադաշտերի նախագծման և կառուցման փորձ։ Հայտնի կառույցների թվում են Բուդապեշտի «Պուշկաշ Արենան», Սաուդյան Արաբիայի «King Abdullah Sports City» մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենան»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0