Տիմոթի Ֆայուլուն ԴՀ Կոնգոյի հավաքականի կազմում կմեկնի ԱԱ-2026
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» դարպասապահ Տիմոթի Ֆայուլուն ընդգրկվել է Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակում՝ 2026 թվականի աշխարհի առաջնության համար։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Սեբաստիեն Դեսաբրը հրապարակել է 26 ֆուտբոլիստների կազմը, որոնք կներկայացնեն երկիրը Մունդիալում։
Այս իրադարձությունը պատմական նշանակություն ունի նաև հայկական ֆուտբոլի համար․ Ֆայուլուն կդառնա Հայաստանի առաջնությունում հանդես եկող առաջին գործող ֆուտբոլիստը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը։ «Նոայի» դարպասապահը ԴՀ Կոնգոյի դարպասապահների ցուցակում ընդգրկվել է «Ստանդարտի» ներկայացուցիչ Մաթյո Էպոլոյի և «Հավրի» դարպասապահ Լիոնել Մպասիի հետ։
ԴՀ Կոնգոյի հավաքականը աշխարհի առաջնություն է վերադառնում ավելի քան կեսդարյա դադարից հետո։ Վերջին անգամ թիմը Մունդիալին մասնակցել էր 1974 թվականին՝ Արևմտյան Գերմանիայում։ Այդ ժամանակ կոնգոլեզները պարտվել էին խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում, այդ թվում՝ 0:9 հաշվով զիջել Հարավսլավիային։
2026 թվականի աշխարհի առաջնությունում ԴՀ Կոնգոն հանդես կգա K խմբում, որտեղ թիմի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Կոլումբիայի և Ուզբեկստանի հավաքականները։ Գլխավոր մարզիչ Սեբաստիեն Դեսաբրը նշել է, որ թիմը ձևավորվել է վերջին տարիների ընթացքում և պատրաստ է պայքարել խմբից դուրս գալու համար։
«Կազմը, ըստ էության, ինքն իրեն ձևավորվեց, քանի որ մենք միասին ենք արդեն մոտ չորս տարի։ Աշխարհի առաջնությունը փորձարկումների կամ զարգացման վայր չէ։ Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր լավագույն մակարդակը, և մեր նպատակը առաջին փուլը հաղթահարելն է։ Կարծում եմ՝ դա լիովին մեր ուժերի սահմաններում է», — ասել է Դեսաբրը։
Ֆայուլուի մասնակցությունը ԱԱ-2026-ին կարող է «Նոային» բերել ոչ միայն իմիջային, այլև ֆինանսական օգուտ։ FIFA-ի վճարումների ծրագրով ակումբները ստանում են մոտ 12 500 դոլար ֆուտբոլիստի՝ ազգային հավաքականի կազմում աշխարհի առաջնության ընթացքում գտնվելու յուրաքանչյուր օրվա համար՝ ներառյալ նախապատրաստական շրջանը։ Եթե ֆուտբոլիստը մասնակցի առնվազն խմբային փուլին, գումարը կարող է կազմել մոտավորապես 220–240 հազար դոլար։
ԴՀ Կոնգոյի հավաքականի ամբողջական կազմը ԱԱ-2026-ի համար

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0