Հայաստանի թենիսի հավաքականը դուրս եկավ Դևիսի գավաթի երրորդ խումբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Դևիսի գավաթում ապահովեց դասով բարձրացումը։ Ծաղկաձորում ընթացող Եվրոպական գոտու IV խմբի մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի թիմը վստահ հաղթեց Ալբանիայի հավաքականին՝ 3:0 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը երաշխավորեց նվազագույնը երկրորդ տեղը խմբում և նվաճեց հաջորդ մրցաշրջանում Դևիսի գավաթի երրորդ խմբում հանդես գալու ուղեգիր։ Այսպիսով, 2027 թվականին հայ թենիսիստները կխաղան արդեն Europe Group III-ում։
Ալբանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց երկու մենախաղերում։ Նախ Սամվել Աղայանը հաղթեց Մարիո Զիլիին՝ 6:1, 6:0 հաշվով։ Այնուհետև Դավիթ Պողոսյանը առավելության հասավ Ալեքս Պրիֆթիի նկատմամբ՝ 6:3, 6:2։
Դրանից հետո Հայաստանի թիմը հաշիվը դարձրեց 3:0 զուգախաղում։ Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը հաղթեցին Դենիս Գաբա / Մարիո Զիլի զույգին՝ 6:4, 6:4 հաշվով։
Հայաստանի հավաքականի համար սա չորրորդ անընդմեջ հաղթանակն էր մրցաշարում։ Ավելի վաղ հայ թենիսիստները հաղթել էին Անդորրային՝ 3:0, Սան Մարինոյին՝ 2:1, և Իսլանդիային՝ 2:1։
Մրցաշարի վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 20-ին Մալթայի դեմ։ Մալթայի հավաքականը նույնպես հաղթել է իր նախորդ բոլոր հանդիպումներում, ուստի հենց այս խաղում կորոշվի խմբի հաղթողը։
