Սաշա Զդելարը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Նոա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոան» մոտ է կազմն ուժեղացնելուն փորձառու սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարով։ 31-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով։
Սպասվող տրանսֆերի մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Զդելարի՝ կարիերան Հայաստանում շարունակելու մասին տեղեկությունը հաստատում են նաև Սերբիայի և Ռուսաստանի աղբյուրները։
Հենակետային կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Բելգրադի «Պարտիզանը», որը նա լքել է 2026 թվականի ամռանը։ Այդ ժամանակից ի վեր սերբ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում էր։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են ռուսական «Ֆակելը» և «Սոչին»։
Զդելարը լավ ծանոթ է ռուսական ֆուտբոլի երկրպագուներին։ Տարբեր տարիներին նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում։ Նրա կարիերայում եղել են նաև հունական «Օլիմպիակոսը» և իսպանական «Մալյորկան»։
Միջազգային մակարդակում կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
Transfermarkt-ի տվյալներով՝ Զդելարի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո, իսկ կարիերայի լավագույն շրջանում այն հասել է 4 միլիոն եվրոյի։
Փորձառու հենակետային կիսապաշտպանի տեղափոխությունը կարող է կարևոր ուժեղացում դառնալ «Նոայի» համար։ Յան Էտեկիի վնասվածքից հետո երևանյան թիմը բարձրակարգ ֆուտբոլիստի պակաս ունի դաշտի կենտրոնական գոտում։
Միևնույն ժամանակ «Նոան» հաջող է սկսել Հայաստանի առաջնության 2026/27 մրցաշրջանը։ Թիմը յոթ տուրում տարել է յոթ հաղթանակ և 100-տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։