ՀՖՖ ղեկավարությունը, Մելիքյանը և Սպերցյանը դիմել են երկրպագուներին Ազգերի լիգայի մեկնարկից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը համատեղ ուղերձով դիմել են երկրպագուներին՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկության մեկնարկից առաջ։
Հավաքականի ներկայացուցիչներն ընդգծել են առաջիկա հանդիպումների կարևորությունը և կոչ արել երկրպագուներին տրիբունաներից աջակցել ազգային թիմի ֆուտբոլիստներին։
Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ Հայաստանի հավաքականը մտնում է կարևոր մրցակցային փուլ, որը փաստացի դառնում է Եվրո-2028-ի ուղեգրի համար պայքարի մեկնարկը։ ՀՖՖ նախագահի խոսքով՝ ազգային թիմի յուրաքանչյուր հանդիպման հետևում ամիսների աշխատանք է կանգնած, սակայն այդ աշխատանքն առանձնահատուկ նշանակություն է ստանում հենց երկրպագուների աջակցությամբ։
«Խաղերը հաղթում են ոչ միայն խաղադաշտում, այլ նաև տրիբունաներում»,- ընդգծել է Մելիքբեկյանը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր հերթին նշել է, որ թիմը պատրաստվում է լուրջ պայքարի։ Մասնագետն ընդգծել է, որ առաջիկա հանդիպումներում ֆուտբոլիստների համար հատկապես կարևոր են միասնականությունն ու երկրպագուների աջակցությունը։
«Մենք լսում և զգում ենք ձեր աջակցությունը»,- ասել է Մելիքյանը։
Ուղերձը եզրափակել է ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս առաջին հերթին հավաքականի երկրպագուների համար։
«Հավաքականի խաղը հենց ձեզ համար է»,- ասել է Սպերցյանը։
Հայաստանի հավաքականը հանդես կգա Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբում։ Նոր խաղարկության առաջին երկու հանդիպումները թիմը կանցկացնի Հայաստանում։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի հավաքականը կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 28-ին՝ նույնպես ժամը 20:00-ին, սեփական հարկի տակ կմրցի Չեռնոգորիայի ազգային թիմի հետ։