Ռաֆայել Հարությունյանը ընդգրկվել է ԱՄՆ-ի գեղասահքի Փառքի սրահում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան շնորհավորել է համաշխարհային գեղասահքի նշանավոր մասնագետ Ռաֆայել Հարությունյանին՝ նրա անունը ԱՄՆ-ի գեղասահքի Փառքի սրահում (U.S. Figure Skating Hall of Fame) ընդգրկվելու կապակցությամբ։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում՝ «Prevagen 2026» առաջնության շրջանակում։ Միջոցառման ընթացքում բարձր է գնահատվել Հարությունյանի բազմամյա գործունեությունը և նրա բացառիկ ազդեցությունը գեղասահքի զարգացման վրա, որը դարձել է ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների մարզիկների և մարզիչների համար։
Ռաֆայել Հարությունյանը համաշխարհային գեղասահքի պատմության ամենահեղինակավոր և ճանաչված մարզիչներից մեկն է։ Տարիների ընթացքում նա պատրաստել է առաջատար գեղասահորդների ամբողջ մի սերունդ՝ այդ թվում օլիմպիական, աշխարհի և ազգային առաջնությունների չեմպիոնների։ Նրա ներդրումը տեխնիկայի զարգացման, մարզման մեթոդիկայի և մարզիկների մասնագիտական վարպետության կատարելագործման գործում բարձր է գնահատվում ողջ աշխարհում։
Ռաֆայել Հարությունյանը գեղասահքով սկսել է զբաղվել յոթ տարեկանից՝ հայրենի Թբիլիսիում։ Որպես մարզիկ մեծ հաջողությունների չի հասել՝ ունենալով ԽՍՀՄ սպորտի վարպետի թեկնածուի կոչում։ Ավելի ուշ տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը և 1976-1985 թվականներին աշխատել է Երևանի գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։ Այնուհետև շարունակել է իր կարիերան Մոսկվայում, քանի որ այդ ժամանակ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան սահադաշտ չի եղել։
2000 թվականին Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Կալիֆորնիայի մի շարք առաջատար մարզումային կենտրոններում, իսկ 2016 թվականից հանդիսանում է Լեյքվուդ քաղաքի «Lakewood ICE» կենտրոնի մարզիչը։ 2019 թվականի հուլիսին նա ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ Նրա հայտնի սաներից են Միշել Կվանը, Սաշա Քոենը, Ջեֆրի Բաթլը, Մաո և Մայ Ասադաները, Ալեքսանդր Աբտը, Սերգեյ Վորոնովը, Իվան Դինևը և Ալեքսանդր Շուբինը։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայում ընդգծել են, որ Ռաֆայել Հարությունյանի ընդգրկումը Փառքի սրահում հանդիսանում է նրա բացառիկ ավանդի և սպորտին նվիրված երկարամյա գործունեության արժանի գնահատականը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0