«Օլիմպիակոսը» պարտվեց ՕՖԻ-ին, Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունական «Օլիմպիակոսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, առաջին պարտությունը կրեց Հունաստանի առաջնության նոր մրցաշրջանում։
Սեպտեմբերի 12-ին Հունաստանի Սուպերլիգայի 2026/27 մրցաշրջանի 4-րդ տուրում պիրեյյան ակումբը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց ՕՖԻ-ին՝ 0:1։
«Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում երկար ժամանակ հաշիվը չէր բացվում։ Խաղի միակ գոլը խփվեց 66-րդ րոպեին․ հյուրերին հաղթանակ պարգևեց Կենան Կոդրոն։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն։
SofaScore-ի տվյալներով՝ հայ ֆուտբոլիստը կատարել է 59 ճշգրիտ փոխանցում՝ 88% ճշգրտությամբ, հաղթել է չորս մենապայքարից երեքում, կատարել երկու խլում, մեկ հեռացում և չորս անգամ վերադարձրել գնդակը։ Տիկնիզյանը նաև հաջողությամբ ավարտել է դրիբլինգի իր միակ փորձը և երկու անգամ գնդակով առաջխաղացում կատարել։
Միևնույն ժամանակ, նրա կատարած վեց փոխանցումներից դեպի տուգանային հրապարակ միայն մեկն է ճշգրիտ եղել, իսկ Տիկնիզյանը 15 անգամ կորցրել է գնդակը։ SofaScore-ը նրա խաղը գնահատել է 6,6 միավոր։
Չորս տուրից հետո «Օլիմպիակոսն» ունի 7 միավոր և զբաղեցնում է Հունաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում պիրեյյան ակումբը ոչ-ոքի՝ 1:1, էր խաղացել «Վոլոսի» հետ։ Մինչ այդ «Օլիմպիակոսը» նվազագույն հաշվով հաղթել էր «Աստերասին» և «Ատրոմիտոսին»։