Պաշտոնական․ Իման Գրիֆիթը տեղափոխվեց «Փյունիկ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել է 24-ամյա նիդեռլանդացի վինգեր Իման Գրիֆիթի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել «Ռոդայից», որը հանդես է գալիս Նիդեռլանդների երկրորդ ուժեղագույն լիգայում։
Նախորդ մրցաշրջանում Գրիֆիթը արդյունավետ ելույթներ է ունեցել․ նրա հաշվին կա 4 գոլ և 5 գոլային փոխանցում։ Նիդեռլանդացի եզրային հարձակվողը կարող է ուժեղացնել «Փյունիկի» հարձակման գիծը արագության, դրիբլինգի և եզրերում խաղալու կարողության շնորհիվ։
Գրիֆիթը նաև Էրեդիվիզիում հանդես գալու փորձ ունի։ 2023/24 մրցաշրջանում նա խաղացել է «Ֆորտունայի» կազմում և Նիդեռլանդների բարձրագույն դիվիզիոնում անցկացրել 12 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում։
Իման Գրիֆիթը «ԱԶ Ալկմարի» ակադեմիայի սան է՝ ակումբի, որը հայտնի է երիտասարդ ֆուտբոլիստների հետ արդյունավետ աշխատանքով։
Transfermarkt-ի տվյալներով՝ 24-ամյա վինգերի տրանսֆերային արժեքը կազմում է 250 հազար եվրո։ Ֆուտբոլիստի հասակը 170 սմ է։
Գրիֆիթի տեղափոխությունը «Փյունիկի» հերթական քայլն է նոր մրցաշրջանից առաջ կազմը ուժեղացնելու ուղղությամբ։ Երևանի ակումբը ձեռք է բերում Նիդեռլանդներում հանդես գալու փորձ ունեցող և Էյերստեդիվիզիում լավ վիճակագրություն գրանցած ֆուտբոլիստի։