SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի խաղերից հետո. «Մենք հավատում ենք մեր ուղուն և միմյանց»


Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի խաղերից հետո. «Մենք հավատում ենք մեր ուղուն և միմյանց»
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դիմել է երկրպագուներին՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի սեպտեմբեր-հոկտեմբերյան հատվածի ավարտից հետո։

Ֆուտբոլիստը նշել է թիմի նվիրվածությունը և ընդգծել, որ ազգային հավաքականը դեռ ձևավորման փուլում է։ Տիկնիզյանի խոսքով՝ ներկայիս կազմի շատ ֆուտբոլիստներ երիտասարդ են և դեռ չունեն միջազգային մեծ փորձ, սակայն պատրաստ են մինչև վերջ պայքարել թիմի համար։

«Ես հպարտ եմ իմ հավաքականով և ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին այս նվիրվածության, պայքարի և հավատի համար։ Մենք դեռ թիմ ստեղծելու գործընթացում ենք։ Մեր թիմում շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, որոնք հաղթանակների ծարավ են, և նրանց մեծ մասը դեռ մեծ փորձ չունի։

Բայց մի բան արդեն հաստատ գիտենք՝ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել մինչև վերջ, ամբողջ ուժը տալ մեր հավաքականի և երկրի համար»։

Տիկնիզյանը նաև ընդգծել է, որ ֆուտբոլիստները հավատում են ընտրված ճանապարհին և հասկանում են, որ թիմին դեռ մեծ աշխատանք է սպասվում։

«Մենք հավատում ենք մեր ճանապարհին, հավատում ենք միմյանց և գիտենք, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Բոլորս անհամբեր սպասում ենք հավաքականի նոյեմբերյան խաղերին։ Առջևում ամենահետաքրքիրն ու ամենաբարդն է։ Առա՛ջ, Հայաստան»։

Հայաստանի հավաքականն այս միջազգային պատուհանի ընթացքում չորս հանդիպում է անցկացրել Ազգերի լիգայում։ Եղիշե Մելիքյանի թիմը մրցաշարը սկսել է Լատվիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակով, որից հետո պարտվել է Չեռնոգորիային՝ 2:3, և Կիպրոսին, իսկ շարքն ավարտել է Չեռնոգորիայի հետ արտագնա ոչ-ոքիով՝ 0:0։

Նաիր Տիկնիզյանը մասնակցել է բոլոր չորս հանդիպումներին՝ առանց փոխարինվելու, իսկ Չեռնոգորիայի դեմ արտագնա խաղը սկսել է ավագի թևկապով։

Ազգային հավաքականի հաջորդ հանդիպումները կկայանան արդեն նոյեմբերին, երբ կշարունակվի պայքարը Ազգերի լիգայի C2 խմբում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։