«Շիրակը» ջախջախեց «Գանձասարին» և փչացրեց Աբրահամ Խաշմանյանի նորամուտը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գյումրիի «Շիրակը» Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հերթական խաղում վստահ հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով, իսկ խաղի գլխավոր հերոսը դարձավ Բամբա Մեսամբան, որը դուբլ ձևակերպեց։
«Գանձասարի» համար սա առաջին հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ։ Սակայն փորձառու մասնագետի նորամուտը անհաջող ստացվեց․ նրա թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց և շարունակեց առանց հաղթանակների հանդիպումների շարքը։
Բամբա Մեսամբան երկու գոլ խփեց՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցնելով վեցի։ Գյումրիի թիմի կազմում ևս մեկ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Հովհաննես Փահլևանյանը։ Նրա համար այս գոլն առաջինն էր Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Հաղթանակի շնորհիվ «Շիրակը» վաստակեց 17 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական։
«Գանձասարը», իր հերթին, շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։ Հերթական պարտությունից հետո Կապանի թիմը մնում է վերջին տեղում՝ ունենալով ընդամենը 3 միավոր։