Հայտնի է Դոհայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դեկտեմբերի 7-ից 16-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում կանցկացվի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) առաջին վարկանիշային մրցաշարը՝ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի հավաքականը կներկայացնեն երեք մարզիկներ՝ Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը և Գարիկ Կարապետյանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի ելույթների ժամանակացույցը։ Երեք ծանրորդներն էլ իրենց քաշային կարգերում նախնական հայտերով լավագույն արդյունքներից մեկն ունեն։
Հայաստանի հավաքականի ելույթների ժամանակացույցը Դոհայում
-
Դեկտեմբերի 10, 18:00 — Գոռ Սահակյան (75 կգ)
-
Դեկտեմբերի 14, 18:00 — Արա Աղանյան (95 կգ)
-
Դեկտեմբերի 15, 15:30 — Գարիկ Կարապետյան (110 կգ)
Գարիկ Կարապետյանը նախնական հայտի առաջատարների թվում է
Մինչև 110 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը հայտավորել է 410 կգ երկամարտի արդյունք՝ այդ ցուցանիշով կիսելով առաջին տեղը բուլղարացի Խրիստո Խրիստովի և Ռումինիան ներկայացնող Լուիս Մանուել Լաուրետ Ռոդրիգեսի հետ։
Մինչև 95 կգ քաշային կարգում Արա Աղանյանը հայտավորել է երրորդ լավագույն արդյունքը՝ 385 կգ։ Հայ ծանրորդից առաջ են բուլղարացի Կառլոս Նասարը և Բահրեյնը ներկայացնող Յոքսեր Կինտոն, որոնք հայտավորել են 390-ական կգ։
Մինչև 75 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը նույնպես նախնական հայտով երրորդն է՝ 345 կգ արդյունքով։ Նրանից առաջ են ինդոնեզացի Ռահմատ Էրվին Աբդուլլահը (355 կգ) և ԿԺԴՀ ներկայացուցիչ Ռի Ռյոն Հյոնը (350 կգ)։ Միևնույն ժամանակ, IWF-ի հրապարակած ցուցակում Սահակյանն առայժմ նշված է որպես պահեստային մարզիկ։
Նշենք, որ հայտավորված կիլոգրամները նախնական են և չեն երաշխավորում համապատասխան արդյունքներ մրցումների ընթացքում։
Հայաստանի կանանց հավաքականը Դոհայի մրցաշարին չի մասնակցի։
Մրցաշարը կլինի 2028 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական փուլի մի մասը։ Օլիմպիական որակավորման գործընթացը մեկնարկել է 2026 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում և կշարունակվի հաջորդ միջազգային մրցաշարերում։
Դոհայում գրանցված արդյունքները հաշվի կառնվեն օլիմպիական վարկանիշի ձևավորման ժամանակ, որի հիման վրա կբաշխվեն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրերը։