Հայ մարմնամարզիկները ևս յոթ մեդալ են նվաճել Տաշքենդում անցկացվող միջազգային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարմնամարզիկները շարունակում են հաջող ելույթները Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են ևս յոթ մեդալ՝ մեկ ոսկե, չորս արծաթե և երկու բրոնզե։
Նժույգթափերի վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչը հաղթող է դարձել իր տարիքային խմբում։
Մեծահասակների ազատ վարժություններում արծաթե մեդալ է նվաճել Ռոբերտ Գյուլումյանը։ Նույն մրցաձևում ևս մեկ արծաթե մեդալ է նվաճել երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Մարատ Հովհաննիսյանը։
Կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել Գրիշա Սարգսյանը։ Պատանեկան տարիքային խմբում հանդես եկող հայ մարմնամարզիկը երկրորդ տեղն է զբաղեցրել երկու եզրափակիչներում՝ ազատ վարժություններում և օղակների վրա վարժությունում։
Երիտասարդների օղակների վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել Ռոմիկ Մելքոնյանը։
Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն ևս մեկ բրոնզով համալրել է Նարե Ավագյանը, որը պատանեկան տարիքային խմբի աղջիկների բազմամարտում զբաղեցրել է երրորդ տեղը։
Հայաստանը Տաշքենդում արդեն տասը մեդալ է նվաճել
Ավելի վաղ հայ մարմնամարզիկներն այս մրցաշարում նվաճել էին երեք մեդալ։ Ռոբերտ Գյուլումյանը հաղթող էր դարձել մեծահասակների բազմամարտում, իսկ Գրիշա Սարգսյանը ոսկե մեդալ էր նվաճել պատանեկան բազմամարտում։ Բացի այդ, Հայաստանի հավաքականը թիմային մրցումներում զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Այսպիսով, հրապարակված արդյունքների համաձայն, հայ մարմնամարզիկները Տաշքենդում նվաճել են տասը մեդալ՝ երեք ոսկե, հինգ արծաթե և երկու բրոնզե։