SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայկ Մարտիրոսյանը անհավանական քամբեք կատարեց և 9-րդ տեղը գրավեց Total Chess World Championship 2026-ում


Հայկ Մարտիրոսյանը անհավանական քամբեք կատարեց և 9-րդ տեղը գրավեց Total Chess World Championship 2026-ում
Այլ սպորտաձևեր

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ավարտված Total Chess World Championship Tour Pilot 2026 գերմրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ երկու խաղային օրերին էլ հաղթելով հնդիկ ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Արջուն Էրիգայսիին։

Նոյեմբերի 20-ին՝ մրցաշարի եզրափակիչ օրը, Մարտիրոսյանը ևս մեկ տպավորիչ քամբեք կատարեց՝ հաղթելով վճռորոշ պարտիայում։ Այս արդյունքի շնորհիվ հայ շախմատիստը վաստակեց 30 հազար դոլար մրցանակային գումար։

Մարտիրոսյանը 3։9 հաշվից վերադարձավ և հաղթանակ կորզեց

9-րդ տեղի համար եզրափակիչ դիմակայությունում Մարտիրոսյանի մրցակիցն Արջուն Էրիգայսին էր։ Դիմակայությունը տևեց երկու օր, և երկու դեպքում էլ հայ գրոսմայստերին հաջողվեց բեկել պայքարի ընթացքը։

Նոյեմբերի 19-ին Հայկը հաղթեց հնդիկ շախմատիստին 14,5։5,5 հաշվով, իսկ հաջորդ օրը կրկին առավելության հասավ՝ 11։9 հաշվով։

Հատկապես դրամատիկ ընթացք ունեցավ նոյեմբերի 20-ի դիմակայությունը։ Բլիցի չորս պարտիաներից հետո Էրիգայսին առջևում էր 3։1 հաշվով։ Հնդիկ գրոսմայստերը հաղթեց նաև արագ շախմատի առաջին պարտիայում, իսկ երկրորդն ավարտվեց ոչ-ոքի։ Արդյունքում Fast Classic ձևաչափով եզրափակիչ պարտիայից առաջ Մարտիրոսյանը պարտվում էր 3։9 հաշվով։

Խաղային օրը հաղթանակով ավարտելու համար հայ գրոսմայստերին անհրաժեշտ էր անպայման հաղթել վերջին պարտիայում։ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հասավ հաղթանակի, վաստակեց ութ միավոր և օրն ավարտեց 11։9 հաշվով։

Քանի որ Հայկը հաղթել էր երկու խաղային օրերին էլ, լրացուցիչ արմագեդոն պարտիայի անհրաժեշտություն չառաջացավ։

Արդյունքում Մարտիրոսյանը 24 մասնակիցների շարքում զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ Էրիգայսին մրցաշարն ավարտեց 10-րդ հորիզոնականում։

30 հազար դոլար մրցանակային գումար և վարկանիշային փոփոխություններ

Իններորդ տեղը Մարտիրոսյանին բերեց 30 000 դոլար մրցանակային գումար։ Բուդապեշտի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 650 հազար դոլար։

Հայ գրոսմայստերի ելույթն ուղեկցվեց նաև վարկանիշային ցուցանիշների զգալի փոփոխություններով։

Նախնական հաշվարկներով՝

  • Դասական շախմատ՝ 2695 (+26 միավոր, նախկինում՝ 2669)։

  • Արագ շախմատ՝ 2640 (+15 միավոր, նախկինում՝ 2625)։

  • Բլից՝ 2652 (−34 միավոր, նախկինում՝ 2686)։

Այս ցուցանիշները նախնական են և դեռևս արտացոլված չեն ՖԻԴԵ-ի պաշտոնական ամսական վարկանիշում։

Մարտիրոսյանը մրցաշարի ընթացքում հաղթանակներ տարավ մի շարք հայտնի մրցակիցների նկատմամբ։ Խմբային փուլում նա հաղթեց Մագնուս Կարլսենին, փլեյ-օֆֆում առավելության հասավ հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապպորտի նկատմամբ, իսկ եզրափակիչ դիմակայությունում երկու անգամ հաղթեց Էրիգայսիին։

Լևոն Արոնյանը զբաղեցրեց 14-րդ տեղը

Հայկական ծագմամբ մեկ այլ շախմատիստ՝ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը, մրցաշարն ավարտեց 14-րդ հորիզոնականում։

13-րդ տեղի համար ամերիկացի Ուեսլի Սոյի դեմ դիմակայության առաջին խաղային օրը Արոնյանը պարտվեց 7,5։12,5 հաշվով, սակայն նոյեմբերի 20-ին կարողացավ ռևանշի հասնել՝ հաղթելով 11։9 հաշվով։

Քանի որ խաղային օրերի հաղթանակների քանակը հավասարվեց, դիմակայության ելքը որոշվեց արմագեդոնում։

Արոնյանը խաղում էր սպիտակ, իսկ Սոն՝ սև խաղաքարերով։ Պարտիան ավարտվեց ոչ-ոքի, ինչը մրցաշարի կանոնակարգի համաձայն հաղթանակ բերեց Սոյին։

Արդյունքում Ուեսլի Սոն զբաղեցրեց 13-րդ տեղը, իսկ Լևոն Արոնյանը՝ 14-րդը։

Total Chess World Championship Tour Pilot-ի առաջին մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուզջան, որը եզրափակչում առավելության հասավ նիդերլանդցի գրոսմայստեր Անիշ Գիրիի նկատմամբ։

Մրցաշարն անցկացվեց Բուդապեշտում նոյեմբերի 10-ից 20-ը՝ 24 շախմատիստների մասնակցությամբ։

Մրցաշարի առանձնահատկությունը միավորված ձևաչափն էր, որը ներառում էր բլից, արագ շախմատ և Fast Classic։ Երեք ձևաչափերի արդյունքները հաշվարկվում էին միավորների միասնական համակարգով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։