Մելիքյանը՝ Հայաստան — Կիպրոս խաղից առաջ. «Մեկնարկային կազմում կլինեն մինչև 23 տարեկան ութ ֆուտբոլիստներ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կիպրոսի հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ մեկնարկային կազմում կլինեն 23 տարեկանից փոքր ութ ֆուտբոլիստներ։ Մասնագետն ընդգծել է, որ, չնայած կադրային կորուստներին, թիմը մտադիր է հաղթել Ազգերի լիգայի մնացած երկու հանդիպումներում։
Հայաստան — Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Երևանում։ Առաջին խաղում կիպրոսցիները հաղթել էին 2:0 հաշվով, թեև 52-րդ րոպեից խաղում էին թվային փոքրամասնությամբ։
Մելիքյանը նաև խոսել է հարձակվողների վիճակի մասին, բացատրել կազմի ընտրության սկզբունքները, մեկնաբանել Բալեկյանի և Ադորյանի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև հայտնել, որ ակնկալում է գարնանը հավաքականում տեսնել Հարվի Սարաջյանին։
Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը Հայաստան — Կիպրոս խաղից առաջ
Կիպրոսի հետ խաղի նախապատրաստության և սերնդափոխության մասին
— Դուք արդեն մեկ հանդիպում անցկացրել եք Կիպրոսի դեմ։ Դա օգնե՞լ է ավելի լավ ուսումնասիրել մրցակցին։
— Իհարկե, առաջին հանդիպումից հետո մենք շատ ավելի լավ ենք ճանաչում մրցակցին։ Մենք մանրամասն վերլուծել ենք նրա խաղը, հասկանում ենք, թե ինչու առաջին հանդիպումը մեզ համար անհաջող դասավորվեց, և ինչի շնորհիվ կիպրոսցիները հաջողության հասան։
Հուսով եմ՝ վաղը մեզ կհաջողվի չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը։ Մենք շատ ենք աշխատել այդ ուղղությամբ։ Միաժամանակ կփորձենք ինքներս խնդիրներ ստեղծել մրցակցի համար. հենց այդ տրամադրվածությամբ ենք պատրաստվում խաղին։
— Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունը։ Ի՞նչ խնդիրներ են դրված թիմի առջև մնացած երկու հանդիպումներում։
— Մենք ցանկանում ենք հաղթել երկու խաղերում էլ և գնում ենք այդ նպատակին։ Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա խաղը։ Այս հանդիպումներից հետո կմտածենք՝ ինչպես շարժվել առաջ։
Վաղը կտեսնեք այն թիմը, որի մասին ավելի վաղ խոսում էի սերնդափոխության համատեքստում։ Մեկնարկային կազմում կլինեն 23 տարեկանից փոքր ութ ֆուտբոլիստներ։ Չեմ հիշում, որ նախկինում նման բան եղած լինի։ Շատ երիտասարդ կազմ կլինի, որտեղ չի լինի 30 տարեկանից բարձր ոչ մի ֆուտբոլիստ։
Ես գնում եմ այս ճանապարհով և հստակ գիտեմ, թե ինչ եմ անում։ Աստված տա՝ վաղը հաղթենք. այդ հաղթանակը մեզ շատ է պետք։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, և շարունակելու ենք վստահել այս կազմին։ Մենք գիտենք մեր խնդիրների ու կադրային կորուստների մասին, բայց չենք ցանկանում դրանց վրա շեշտադրում անել։
Դարպասապահների և հարձակվողների վիճակի մասին
— Ավելի վաղ հավաքականի դարպասապահների մարզիչը խոսել էր երիտասարդ դարպասապահներին հնարավորություններ տալու կարևորության մասին։ Բայց եթե կա ակնհայտ առաջին համար, ավելի լավ չէ՞ վստահել նրան։ Ո՞րն է ձեր կարծիքը։
— Մենք ունենք դարպասապահների մարզիչ, որը որոշում է՝ ով պետք է խաղա և ինչ ծրագրով ենք աշխատում դարպասապահների հետ։ Ես կարող եմ խորհուրդներ տալ, հայտնել իմ կարծիքը, բայց վերջնական որոշումը նրանն է։
Կարծում եմ՝ եթե մենք Ռոման Բերեզովսկու նման դարպասապահ ունենայինք, նա կխաղար հանդիպումների 70 տոկոսում։ Մնացած ժամանակը կօգտագործեինք երկրորդ և երրորդ համարներին պատրաստելու համար։
— Նախորդ հավաքի ժամանակ դուք ասում էիք, որ Արթուր Ղարիբյանը դեռ պատրաստ չէ մեկնարկային կազմում խաղալու և ամբողջական հանդիպումներ անցկացնելու։ Հիմա պատրա՞ստ է։ Ինչպիսի՞ մարզավիճակում է Հրանտ-Լեոն Ռանոսը։
— Իսկ մենք ընդհանրապես կարո՞ղ ենք ասել, որ ունենք լավ մարզավիճակում գտնվող և կանոնավոր խաղաժամանակ ստացող հարձակվող։ Արթուր Միրանյանը բավական շատ ժամանակ էր անցկացնում խաղադաշտում, բայց նա էլ ամեն անգամ 90 րոպե չէր խաղում։
Մենք պետք է հնարավորություններ տանք Ղարիբյանին և Ռանոսին, սակայն երկուսն էլ հավաքական են ժամանել առողջական լուրջ խնդիրներով և խաղային պրակտիկայի պակասով։
Մենք ունենք ութ վնասվածք ստացած ֆուտբոլիստ, իսկ մի մասն էլ ժամանել է առանց բավարար խաղային պրակտիկայի։ Բայց դա մեզ չի կոտրում։ Մենք հաղթելու կամք ունենք և բոլոր խնդիրները մի կողմ ենք դնում։
Տարախչյանի, Պետրոսյանի և հավաքականում տեղի համար մրցակցության մասին
— Ձեզ հաճախ կարելի է տեսնել Հայաստանի առաջնության հանդիպումներին։ Ի՞նչ կասեք Գևորգ Տարախչյանի և Լևոն Պետրոսյանի մասին, որոնց հետ աշխատել եք «Փյունիկում»։
— Տարախչյանը հայտնվեց «Փյունիկում», որովհետև ես նրան հրավիրեցի այնտեղ, երբ նա առանց ակումբի էր։ Ես հավատում էի նրան և հնարավորություն տվեցի, քանի որ գիտեի, որ լավ ֆուտբոլիստ է։ Ուրախ եմ, որ չեմ սխալվել. նա առաջադիմում է և ապացուցում իր որակները։
Լևոն Պետրոսյանը նույնպես իմ ֆուտբոլիստն է։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերն արել է իմ գլխավորությամբ։ Ես նրան ընդգրկել եմ բարձրագույն խմբում հանդես եկող թիմում և լավ գիտեմ նրա հնարավորությունները։ Հենց ես եմ նրան խորհուրդ տվել խաղային պրակտիկայի համար տեղափոխվել բարձրագույն խմբի մեկ այլ ակումբ։ Նա ճիշտ ճանապարհի վրա է և հիմա արդյունավետ խաղ է ցուցադրում։
Հիմա բացատրեմ, թե ինչու նրանք հավաքականում չեն, եթե այդքան լավն են։ Երկուսն էլ մեր ընդլայնված ցուցակում են և շատ մոտ են հրավեր ստանալուն։ Բայց կազմը ձևավորելիս ես առաջնորդվում եմ նրանով, որ մենք պետք է ունենանք տասը դաշտային ֆուտբոլիստ և ևս տասը՝ նրանց ուղղակի փոխարինողները։ Բացի այդ քսան ֆուտբոլիստներից, ևս երեք-չորսին հրավիրում եմ որպես պահեստային տարբերակ՝ հաշվի առնելով վնասվածքներն ու որակազրկումները։
Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր դիրքում երկու ֆուտբոլիստ ունենալը։ Մնացածը պետք է բազմաֆունկցիոնալ լինեն։ Սա մանրամասն բացատրում եմ, քանի որ անընդհատ հարցեր են առաջանում հայտացուցակի և այս կամ այն ֆուտբոլիստին չհրավիրելու վերաբերյալ։
Ինձ համար Տարախչյանը ձախ եզրային հարձակվող է։ Լևոն Պետրոսյանը նույնպես խաղում է այդ դիրքում։ Հիմա այնտեղ ունենք Ժիրայր Շաղոյանին և Նարեկ Հովհաննիսյանին։ Չորս ֆուտբոլիստներից պետք է ընտրել երկուսին։ Վստահ եմ՝ եթե հրավիրեի Գևորգին կամ Լևոնին՝ կազմից դուրս թողնելով Ժիրայրին կամ Նարեկին, հարցերը կարող էին ավելի շատ լինել։
Նրանք բոլորը լավ ֆուտբոլիստներ են, բայց մրցակցություն կա։ Նարեկ Հովհաննիսյանը Հայաստանում ֆանտաստիկ խաղ էր ցուցադրում և մեկնեց արտերկիր։ Տարախչյանը շատ է գոլ խփում, սակայն այս պահին կազմում տեսնում եմ Շաղոյանին, իսկ Գևորգից հետագա առաջընթաց եմ սպասում։
Շատ լավ է, որ նա այդքան շատ է գոլ խփում։ Բայց հիշեք Արա Հակոբյանին. նա մեկ մրցաշրջանում 45 գոլ խփեց. դա մինչ օրս առաջնության ռեկորդն է։ Միևնույն ժամանակ նրան չհաջողվեց ամրապնդվել հավաքականում և հարմարվել, նա խաղային խնդիրներ ուներ։
Ուստի առաջնությունում խփած յոթ-ութ գոլը դեռ հավաքականի հրավեր չի երաշխավորում։ Մենք դիտում ենք հանդիպումները, հաշվի առնում տարբեր կողմեր և որոշում, թե ինչ խաղաոճ է մեզ անհրաժեշտ։ Գոլերը լավ են, բայց կան նաև այլ բաղադրիչներ, որոնց վրա պետք է աշխատել։ Այդ պատճառով սպասում ենք։
Յասոնաս Պիկիսի և մեկնարկային կազմի մասին
— Կիպրոսի հավաքական են հրավիրվել մի քանի նոր ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը։ Ի՞նչ կասեք նրա մասին։ Մեր ֆուտբոլիստներին կօգնի՞ այն, որ նա հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում։
— Ես շատ լավ գիտեմ այս ֆուտբոլիստին։ Մեր առաջնության համար նա շատ լավ հարձակվող է։ Եթե նրան հրավիրել են հավաքական, ուրեմն արժանի է դրան։
Եթե Պիկիսը դուրս գա մեկնարկային կազմում, խաղից առաջ կխոսեմ պաշտպանների հետ և կբացատրեմ՝ ինչպես գործել նրա դեմ, քանի որ լավ գիտեմ նրա խաղը։
— Դուք ասացիք, որ մեկնարկային կազմում կլինեն մինչև 23 տարեկան ութ ֆուտբոլիստներ, և չեն լինի 30 տարեկանից բարձր խաղացողներ։ Այդպիսով չբացահայտեցի՞ք կազմը՝ հեշտացնելով մրցակցի խնդիրը։
— Մեր հավաքականում տասնհինգ ֆուտբոլիստ 23 տարեկանից փոքր է։ Ես նշեցի ութ թիվը. թող մտածեն, թե կոնկրետ ովքեր են դուրս գալու խաղադաշտ։ Բոլոր խաղաքարտերս չեմ բացում։
— Այսինքն՝ ցանկանում եք էլ ավելի՞ շփոթեցնել մրցակցին։
— Ես նրանց շփոթեցնելու եմ խաղադաշտում իմ մարտավարությամբ։ Վաղը կտեսնենք՝ դա կաշխատի՞, թե՞ ոչ։
Ադորյանի և Բալեկյանի մասին
— Վերջին շրջանում շատ են խոսում Թոմաս Ադորյանի մասին։ Ինչո՞ւ նրան չեն հրավիրում հավաքական։ Փաստաթղթերի կամ թռիչքների հետ կապված խնդիրներ կա՞ն։ Եվ ինչո՞ւ կազմում չկա Նորբերտո Բալեկյանը։
— Դուք ամեն ինչ խառնեցիք իրար։ Բացատրեմ, թե ներսից ինչ խնդիր եմ տեսել Արգենտինայից ֆուտբոլիստներ հրավիրելու հարցում։
Տեսեք՝ Նաիր Տիկնիզյանը մեզ միացավ միայն երեկ, թեև ժամանել էր Հունաստանից։ Արգենտինայից ֆուտբոլիստը կհասներ միայն այսօր, իսկ վաղն արդեն խաղն է։ Բացի այդ, թռիչքից հետո հարմարվելու համար ևս երկու օր է պետք։ Այս ամենը շատ բարդ է։
Լուկաս Սելարայանը մեզ համար շատ ուժեղ ֆուտբոլիստ էր։ Այդ պատճառով նրան հրավիրում էինք նույնիսկ նման պայմաններում. նա կարող էր ժամանել, անմիջապես դուրս գալ խաղադաշտ և օգնել թիմին։ Ադորյանն ու Բալեկյանը նույնպես լավ ֆուտբոլիստներ են, բայց մի փոքր այլ մակարդակի։
Երբ հաշվում եմ թռիչքների տևողությունը, ժամանման ժամկետներն ու հարմարվելու ժամանակը, հասկանում եմ, թե որքան բարդ է դա։ Այդ պատճառով որոշեցինք հրավիրել տեղացի ֆուտբոլիստների։
Ադորյանը գտնվում է ընդլայնված ցուցակում։ Հնարավոր է՝ եթե նա էլ ավելի առաջադիմի, գարնանը ռիսկի դիմենք և նրան հրավիրենք հավաքական։ Առայժմ այս երկու խաղերի համար դադար ենք վերցրել։
Բալեկյանին հրավիրել էինք սեպտեմբերին, բայց նա ինքը չցանկացավ գալ։ Հնարավոր է՝ որովհետև Լուկասը չկա, բայց դա արդեն իմ խնդիրը չէ։ Նրանք միասին եկան հավաքական և միասին հեռացան։ Բալեկյանը միշտ գալիս էր Լուկասի հետ։ Հավանաբար, երբ Լուկասն ավարտեց միջազգային կարիերան, Բալեկյանն ինքնաբերաբար նույնպես որոշեց հեռանալ։ Չգիտեմ։ Մենք նրան հրավիրել ենք սեպտեմբերին. դրանից հետո դա արդեն նրա որոշումն է։
Հարվի Սարաջյանի մասին
— Երեկ հայտնի դարձավ, որ Հարվի Սարաջյանը հանդես է գալու Հայաստանի հավաքականում։ Դուք շփվե՞լ եք նրա հետ։ Ի՞նչ կարող եք ասել նրա խաղային և մարդկային որակների մասին։
— Մենք վաղուց հետևում էինք նրան։ Նրա խաղը մեզ շատ է դուր գալիս, և մենք շատ ենք ցանկանում նրան տեսնել հավաքականում։
Ես խնդրեցի Յուրա Մովսիսյանին այցելել նրա խաղին և խոսել նրա հետ։ Շնորհակալ եմ Յուրային օգնության համար։ Նրանք հանդիպեցին, այնուհետև տեսազանգով կապվեցին ինձ հետ, և ես շփվեցի ֆուտբոլիստի հետ։
Տպավորությունները շատ լավն են։ Նա Հայաստանի հավաքականում հանդես գալու մեծ ցանկություն ունի, զգում է այդ կապը, հայրենասիրական զգացումներ ունի։ Գարնանը նրան կտեսնենք հավաքականում։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։
Ո՞վ է Հարվի Սարաջյանը. հայկական արմատներ, ճանապարհ դեպի MLS և Գրիզմանի հետ կապված պատմությունը
Արդյունքների և համբերության մասին
— Դուք ասում եք, որ հավաքականը ճիշտ ճանապարհի վրա է։ Բայց այդ ճանապարհը պետք է դրական արդյունքի հանգեցնի։ Ե՞րբ սպասել դրան։
— Երբ ես եկա «Փյունիկ», այնտեղ նույնպես խնդիրներ կային։ Մեկուկես տարի անց արդյունք տվեցի, բայց ակումբում մենք ամեն օր էինք աշխատում։ Հավաքականում այդ հնարավորությունը չկա։
Ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Մենք նոր թիմ ունենք, նոր ֆուտբոլիստներ։ Մենք տեսնում ենք պայքարող, բնավորություն և կարգապահություն ունեցող հավաքական, արդեն շատ դրական բաներ են նկատելի։ Բայց այս ամենը չի կարող անմիջապես հաղթանակներով ուղեկցվել։
Կայունություն դեռ չկա։ Նույնիսկ եթե վաղը հաղթենք, դա չի նշանակի, որ թիմն արդեն պատրաստ է կայուն հաղթել յուրաքանչյուր խաղում։ Հիմա մենք կառուցում ենք հավաքականը, և համբերություն է անհրաժեշտ։
Եթե ցանկանում եք քննադատել, դա չի խանգարում իմ աշխատանքին։ Բայց սա նաև ձեր հավաքականն է։ Ավելի լավ է թիմին օգնեք այն ամենով, ինչով կարող եք, որպեսզի միասին արդյունքի հասնենք։
Կայունությունն այդքան արագ չի գալիս, բայց մենք գնում ենք դրան։ Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող, սակայն գիտեմ, որ ամեն ինչ ճիշտ ենք անում։
Պայմանագրի և ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին
— Առաջիկա երկու հանդիպումներից հետո հավաքականի հետ ձեր պայմանագրի ժամկետն ավարտվո՞ւմ է։
— Ոչ, ես շատ երկարաժամկետ պայմանագիր ունեմ։ Ես այստեղ եմ երկար տարիներով։
— Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները կարո՞ղ են ազդել ձեր պայմանագրի վրա։
— Ոչ, ընտրություններն ինձ բոլորովին չեն անհանգստացնում և չեն կարող ազդել իմ պայմանագրի վրա։ Իմ մտահոգությունը հավաքականի և ֆուտբոլիստների հետ աշխատանքն է։
Ով էլ ընտրվի նախագահ, ես կշարունակեմ աշխատել նրա հետ։ Թեկնածուներից ոչ մեկի նկատմամբ բացասական վերաբերմունք չունեմ։ Ես կարող եմ աշխատել բոլորի հետ։
Էդուարդ Սպերցյանի բացակայության մասին
— Ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել Էդուարդ Սպերցյանի դիրքը։
— Շատ զգուշորեն։ Նրան անհնար է փոխարինել, ուստի փոփոխություններ ենք մտցնելու խաղի մեջ։ Տեսականորեն ամեն ինչ պետք է ստացվի։ Վաղը կտեսնենք։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0