SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կարեն Բարսեղյանը նշանակվել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ


Կարեն Բարսեղյանը նշանակվել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ
Ֆուտբոլ

Երևանի «Արարատը» հայտարարել է Կարեն Բարսեղյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

Նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ «Արարատը» հունիսի 30-ից կսկսի նախապատրաստվել 2026/27 մրցաշրջանին։ Բարսեղյանի նախորդ ակումբը «Գանձասարն» էր։

«Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը նշել է, որ ակումբը մեծ հույսեր է կապում նոր գլխավոր մարզչի փորձի և մասնագիտական որակների հետ։

«Կարեն Բարսեղյանը մեծ մարզչական փորձ ունի Հայաստանի առաջնությունում։ Իր աշխատանքով նա բազմիցս ապացուցել է, որ կարող է ձևավորել մրցունակ և ուժեղ թիմ։ Վստահ ենք, որ Բարսեղյանն իր նվիրվածությամբ և աշխատասիրությամբ կօգնի “Արարատին” հաջողություններ գրանցել», — ասել է Ղարաբաղցյանը։

Ինքը՝ Բարսեղյանը, ընդգծել է, որ «Արարատ» վերադարձը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«“Արարատի” առաջարկն ընդունելու հարցում ինձ համոզելու կարիք չկար, քանի որ ես միշտ ուղնուծուծով արարատցի եմ եղել, կամ և կմնամ։ Դա ինձ համար գլխավոր շարժառիթն է։ “Արարատն” ինձ համար յուրահատուկ թիմ է եղել և կմնա իմ կյանքում։

Մի քիչ ամպագոռգոռ կարող է ստացվել, բայց կարծում եմ, որ 20 տարի անց վերադարձել եմ ինձ հարազատ տուն, որտեղ ես որպես ֆուտբոլիստ անցկացրել եմ իմ լավագույն տարիները։ Որպես ֆուտբոլիստ և որպես մարդ՝ ես կայացել եմ հենց “Արարատում”։ Ես շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են “Արարատի” առջև։ Շատ լավ հասկանում եմ՝ ուր եմ եկել և ուր եմ ուզում գնալ», — ասել է Բարսեղյանը։

Կարեն Բարսեղյանը լավ ծանոթ է «Արարատի» երկրպագուներին նաև որպես ակումբի նախկին ֆուտբոլիստ։ Նա Երևանի թիմի կազմում հանդես է եկել 1993-ից 2001 թվականներին՝ Հայաստանի առաջնությունում անցկացնելով 167 հանդիպում և դառնալով 47 գոլի հեղինակ։

«Արարատի» կազմում Բարսեղյանը երեք անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր՝ 1993, 1994 և 1997 թվականներին։

Մարզչական կարիերայի ընթացքում Բարսեղյանն աշխատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։