Արմեն Համբարձումյան․ «Ունիվերսիտատին ուժեղ թիմ է, բայց մենք պատրաստ ենք 100 տոկոսով»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումից առաջ, որում Երևանը ներկայացնող «Արարատ-Արմենիան» կընդունի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին», մամուլի ասուլիսով հանդես եկավ հայկական թիմի ավագ Արմեն Համբարձումյանը։
Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին՝ Երևանում։
Արմեն Համբարձումյանի մամուլի ասուլիսից
— Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ձեռագիրը։ Այժմ մենք ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում, և ես արդեն տեսնում եմ տարբերությունը. խաղացողներն արագություն են ստացել՝ թե՛ շարժումների, թե՛ մտածողության առումով։ Վարդան Մինասյանի մոտեցումը միանգամայն այլ էր, իսկ Տուլուպայինը՝ ավելի եվրոպական՝ ուժային ու արագ, – ասաց Համբարձումյանը՝ խոսելով գլխավոր մարզիչ Տուլուպայի մասին։
Ավագը նաև դրական գնահատեց թիմի նորեկներին․
— Թիմում լավ նորեկներ կան, և ամենակարևորը՝ նրանք լավ մարդիկ են։ Արդեն մեկ ամիս է միասին աշխատում ենք, դարձել ենք ընկերներ ու լավ հասկանում ենք միմյանց։ Հույս ունեմ, որ նրանք մեզ կօգնեն կարևոր խաղերում։
Ըստ Համբարձումյանի՝ թիմը խաղին մոտեցել է լավ մարզավիճակում․
— Ամբողջ թիմը լավ ֆիզիկական վիճակում է, կարծում եմ՝ մենք պատրաստ ենք 100 տոկոսով։ Մենք լավ ենք ուսումնասիրել մրցակցին՝ ուժեղ թիմ է, բայց կարծում եմ՝ կհաղթահարենք այս փուլը։