Արման Ղուկասյանը մեկ քայլ հեռու մնաց Եվրոպայի առաջնության մեդալից՝ զբաղեցնելով չորրորդ տեղը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարմնամարզիկ Արման Ղուկասյանը Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության երիտասարդական Եվրոպայի առաջնության նժույգ թափերի եզրափակիչում զբաղեցրել է չորրորդ տեղը։
Եզրափակիչում Ղուկասյանը վաստակել է 13,500 միավոր և մեկ քայլ հեռու մնացել պատվո հարթակից։ Արմանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր երիտասարդական առաջնությունում։ Որակավորման փուլում նա ցույց էր տվել իններորդ արդյունքը և կարողացել էր դուրս գալ մրցումների վճռորոշ փուլ։
Եվրոպայի չեմպիոն է դարձել ուկրաինացի Վոլոդիմիր Գոլովինը՝ վաստակելով 13,900 միավոր։ Արծաթե մեդալը 13,833 միավորով նվաճել է ռուս Ռադմիր Մուսաևը։ Բրոնզե մեդալակիր է դարձել Զաքքեյն Ֆավզի-ՄաքՔաֆրին։
Ավելի վաղ Զագրեբում Եվրոպայի առաջնության մեդալներ էին նվաճել Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչները։ Արթուր Ավետիսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել օղակների վարժությունում, իսկ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափերի վարժությունում նվաճել էին համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ։