«Ալ-Ահլին» կամային հաղթանակ տարավ «Ալ-Հազեմի» նկատմամբ․ Սպերցյանը ստացել է 7,4 գնահատական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալ-Ահլին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, Սաուդյան Արաբիայի առաջնության 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Ալ-Հազեմի» նկատմամբ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3:1 հաշվով հաղթանակով, թեև արդեն 2-րդ րոպեին նրանք հայտնվել էին հետապնդողի դերում։ Ահմեդ Հուսեին Ալ-Նախլին արագ առաջ մղեց «Ալ-Հազեմին»։
«Ալ-Ահլին» կարողացավ դեռ առաջին խաղակեսում բեկել հանդիպման ընթացքը։ 21-րդ րոպեին Ֆրանսիշկու Տրինկաուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 11 րոպե անց Այվան Թոունին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու առաջ մղեց տանտերերին։
45-րդ րոպեին անգլիացի հարձակվողը դուբլ ձևակերպեց՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3:1։ Երկրորդ խաղակեսի սկզբում Թոունին հնարավորություն ստացավ հեթ-տրիկ ձևակերպելու, սակայն 49-րդ րոպեին չկարողացավ իրացնել ևս մեկ 11-մետրանոց հարված։
Էդուարդ Սպերցյանը «Ալ-Ահլիի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 90 րոպե։ Հայ կիսապաշտպանը մեկ հարված կատարեց դարպասին, երկու վտանգավոր փոխանցում տվեց՝ գրանցելով 0,25 սպասվող գոլային փոխանցման (xA) ցուցանիշ, և ստեղծեց մեկ գոլային պահ։
Սպերցյանը նաև կատարել է 38 ճշգրիտ փոխանցում՝ 86 տոկոս ճշգրտությամբ, յոթ անգամ վերադարձրել է գնդակի տիրապետումն իր թիմին, կատարել մեկ խլում և հաղթել ութ մենապայքարներից չորսում։ Հայ ֆուտբոլիստի նկատմամբ երկու անգամ խախտել են կանոնները։ Միևնույն ժամանակ նա 13 անգամ կորցրել է գնդակը։
Հանդիպման արդյունքներով SofaScore վիճակագրական հարթակը Հայաստանի հավաքականի ավագի խաղը գնահատել է 7,4 միավորով։
Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» յոթ խաղում վաստակել է 12 միավոր և այս պահին զբաղեցնում է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։