Թոմաս Ադորջանը հիանալի գոլ խփեց «Բանֆիլդի» կազմում՝ հեռահար հարվածով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Բանֆիլդի» կազմում Արգենտինայի Կլաուսուրայի 11-րդ տուրի՝ «Ռոսարիո Սենտրալի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Ադորյանը հաշիվը բացել է 41-րդ րոպեին։ Կիսապաշտպանը հեռահար հզոր հարված է կատարել, որից հետո գնդակը դիպել է դարպասաձողին և հայտնվել մրցակցի դարպասում։
«Բանֆիլդը» նվազագույն առավելությունը պահպանել է մինչև հանդիպման եզրափակիչ հատվածը, սակայն 80-րդ րոպեին «Ռոսարիո Սենտրալը» կարողացել է հավասարեցնել հաշիվը։ Գոլի հեղինակ է դարձել Ջովանի Կանտիզանոն։
Թոմաս Ադորյանի համար այս գոլը դարձել է առաջինը Արգենտինայի առաջնության ընթացիկ խաղարկությունում։ Բացի այդ, նրա հաշվին արդեն երկու գոլ կա գավաթային հանդիպումներում։
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել 83 րոպե։ Հանդիպման արդյունքներով նա SofaScore-ից ստացել է 7,3 գնահատական։
11 տուրից հետո «Բանֆիլդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Թոմաս Ադորյանը 2025 թվականին երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում, որից հետո այլևս չի հրավիրվել ազգային թիմ։