Յոթ գոտեմարտ, մեկ հաղթանակ․ Հայաստանի ելույթի ամփոփումը ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները մինչև 21 տարեկան մարզիկների ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Պոդգորիցայում։
Մրցումային երկրորդ օրը տատամի դուրս եկան ևս երկու հայ ձյուդոիստներ, սակայն երկուսն էլ պայքարն ավարտեցին մեկնարկային գոտեմարտերից հետո։
Մինչև 73 կգ քաշային կարգում Ժիրայր Համբարյանը առաջին գոտեմարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Աթմիր Սոբլիրովին։
Մինչև 81 կգ քաշային կարգում Տիգրան Սարուխանյանը նույնպես դուրս մնաց պայքարից առաջին գոտեմարտից հետո՝ պարտվելով Լեհաստանի ներկայացուցիչ Շիմոն Շուլիկին։
Այսպիսով, հայ ձյուդոիստներն ավարտեցին Եվրոպայի առաջնությունն առանց մեդալների։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայացուցիչները Պոդգորիցայում անցկացրին յոթ գոտեմարտ և տարան մեկ հաղթանակ։
Միակ հաղթանակը գրանցեց Շավարշ Նահապետյանը՝ մինչև 60 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում նա հաղթեց շվեդ Ալբին Ֆորսելիուսին, որից հետո պարտվեց իտալացի Ֆրանչեսկո Կրոչիանիին։
Մրցումային առաջին օրը հանդես եկան նաև Հայկ Դարբինյանը (60 կգ), Լյովա Սրապյանը և Արշակ Բեկչյանը (երկուսն էլ՝ 66 կգ), որոնք պայքարն ավարտեցին առաջին գոտեմարտերից հետո։
Չեռնոգորիայի մայրաքաղաքում ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 3-ից 5-ը։