WTA-ն պաշտոնապես հաստատել է Օսակայի մրցաշարից Էլինա Ավանեսյանի դուրս գալու պատճառը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մեջքի ստորին հատվածի վնասվածքի պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել ելույթները Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA 250 մրցաշարում։ Մարզուհու խաղից հրաժարվելու պատճառը նշված է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական արձանագրությունում։
Հոկտեմբերի 17-ին Ավանեսյանը Օսակայի մրցաշարի որակավորման առաջին փուլում մրցել է ճապոնացի թենիսիստուհի Սայակա Իշիի հետ։ Հայաստանի ներկայացուցիչը առաջին սեթում պարտվել է 3։6 հաշվով, որից հետո հրաժարվել է շարունակել հանդիպումը՝ երկրորդ սեթի մեկնարկից առաջ։
Սկզբում հանդիպումը ժամանակից շուտ ավարտելու պատճառը հայտնի չէր, սակայն այժմ WTA-ն պաշտոնապես հաստատել է, որ Ավանեսյանը չի կարողացել շարունակել պայքարը մեջքի ստորին հատվածի վնասվածքի պատճառով։
Միևնույն ժամանակ վնասվածքի բնույթն ու ծանրության աստիճանը դեռ չեն հստակեցվել։ Պաշտոնական փաստաթղթում տեղեկություններ չկան նաև վերականգնման հնարավոր ժամկետների և թենիսիստուհու՝ կորտ վերադառնալու մասին։
Այսպիսով, առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ավանեսյանը կկարողանա մասնակցել WTA-ի առաջիկա մրցաշարերին։ Հայաստանի ներկայացուցչի հետագա մրցաշարային ծրագրերը կախված կլինեն նրա առողջական վիճակից։