Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել է պատանիների ՄՄԱ-ի աշխարհի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկ Ռաֆիկ Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Աբու Դաբիում անցկացվող պատանիների IMMAF 2026 աշխարհի առաջնությունում։ Ալեքսանյանը չեմպիոն է դարձել մինչև 65,8 կգ քաշային կարգում։
Տիտղոսի ճանապարհին Հայաստանի ներկայացուցիչը վեց հաղթանակ է տարել։ Խմբային փուլում Ալեքսանյանը ժամանակից շուտ հաղթել է բոլոր երեք մենամարտերում՝ առավելության հասնելով Մեքսիկայի, Ղազախստանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչների նկատմամբ։ Բոլոր երեք մենամարտերն ավարտվել են սաբմիշնով։
Քառորդ եզրափակչում հայ մարտիկը նույնպես ժամանակից շուտ հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին՝ ցավեցնող հնարքով։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանը միաձայն դատավորական որոշմամբ առավելության է հասել Տաջիկստանի մարզիկի նկատմամբ։
Եզրափակիչ մենամարտում Ռաֆիկը հանդիպել է Ուզբեկստանի ներկայացուցչի հետ և կրկին հաղթել միաձայն դատավորական որոշմամբ՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։
Այսպիսով, Աբու Դաբիում անցկացվող մրցաշարում Ալեքսանյանը անցկացրել է վեց մենամարտ, տարել վեց հաղթանակ, որոնցից չորսը՝ ժամանակից շուտ։
Ավելի վաղ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ էր նվաճել Սոս Մարտիրոսյանը, որը հանդես է գալիս մինչև 12 տարեկանների տարիքային խմբում։
Ռաֆիկ Ալեքսանյանի համար սա արդեն երկրորդ խոշոր միջազգային մեդալն է 2026 թվականին։ Փետրվարին նա դարձել էր IMMAF-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ մինչև 61,2 կգ քաշային կարգում։