Ստեփան Սարգսյանի գավաթ 2026-ի հինգ քաշային կարգերի եզրափակիչների մասնակիցները հայտնի են
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են Երևանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարի հինգ քաշային կարգերի եզրափակիչների մասնակիցները։
Մինչև 57 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Մանվել Խնձրցյանը։ Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Արիան Ցյուտրինի հետ։
Առաջին մրցումային հատվածի եզրափակիչ զույգերը՝
57 կգ․ Արիան Ցյուտրին (Ռուսաստան) — Մանվել Խնձրցյան (Հայաստան)
65 կգ․ Օսիմժան Դաստանբեկ (Ղազախստան) — Աբասգաջի Մագոմեդով (Ռուսաստան)
74 կգ․ Իմամ Գանիշով (Ռուսաստան) — Ամին Քեմերոն (ԱՄՆ)
86 կգ․ Ասխաբ Խաջիև (Ղազախստան) — Զահիդ Վալենսիա (ԱՄՆ)
97 կգ․ Վլադիսլավ Կոզլով (Բելառուս) — Կոնստանտինե Պետրիաշվիլի (Վրաստան)
«Ստեփան Սարգսյանի գավաթի» այս տարվա խաղարկությանը մասնակցում է 181 մարզիկ՝ 15 երկրից։ Հայաստանի հավաքականը ներկայացված է երկրի գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշներով։ Մանվել Խնձրցյանից բացի մրցաշարին մասնակցում են նաև Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Խաչատուր Խաչատրյանը և ազգային հավաքականի այլ ներկայացուցիչներ։
Երևան են ժամանել նաև անվանի արտասահմանցի ըմբիշներ։ Նրանց թվում են աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան՝ ԱՄՆ-ից, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը՝ Ռուսաստանից, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Իբրահիմ Իբրահիմովը։
Մրցաշարի կազմակերպման և անցկացման համար Հայաստանի կառավարությունը երկրի Ըմբշամարտի ֆեդերացիային հատկացրել է ավելի քան 25 միլիոն դրամ։
Կազմակերպիչները սահմանել են նաև դրամական պարգևներ։ Յուրաքանչյուր քաշային կարգի հաղթողը կստանա 2000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 1000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 500 դոլար։
Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունն ու եզրափակիչ գոտեմարտերի առաջին մասը կկայանան սեպտեմբերի 12-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։ Եզրափակիչների երկրորդ մասը կանցկացվի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից։