Մանուել Տուլիպան «Սպարտայից» կրած 1:4 պարտությունից հետո. «Մեր նպատակը Եվրոպա լիգայում 8–9 միավոր վաստակելն է»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է Եվրոպա լիգայի լիգային փուլի առաջին տուրում Պրահայի «Սպարտայի» դեմ հանդիպումը։
Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 16-ին Երևանում և ավարտվել է չեխական ակումբի հաղթանակով՝ 4:1 հաշվով։ Այս հանդիպումը պատմական էր հայկական ֆուտբոլի համար. Հայաստանի ակումբն առաջին անգամ խաղաց Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
Հանդիպումից հետո Տուլիպան պատասխանել է լրագրողների հարցերին, բացատրել պարտության պատճառները, խոսել Էդգար Գրիգորյանի և Արթուր Սերոբյանի խաղի մասին, անդրադարձել Ուգո Օլիվեյրայի դերին և հայտարարել, որ Եվրոպա լիգայում թիմի նպատակը մնում է անփոփոխ։
Մանուել Տուլիպայի մամուլի ասուլիսը «Արարատ-Արմենիա» — «Սպարտա» հանդիպումից հետո
— Հանդիպման սկզբում թիմը երկու գոլ բաց թողեց անկյունայիններից հետո։ Դա պայմանավորված էր մրցակցի՝ հասակի առավելությա՞մբ, թե՞ այդ դրվագներում հնարավոր էր ավելի լավ գործել։
— Ընդհանուր առմամբ մենք լավ սկսեցինք հանդիպումը, մի քանի լավ պահ ստեղծեցինք։ Եթե խաղի սկզբում կարողանայինք գոլ խփել, հնարավոր է՝ հանդիպումը բոլորովին այլ ընթացք ունենար։
Իրոք, ստանդարտ իրավիճակների ժամանակ խնդիրներ ունեցանք։ Մենք հանդիպումից առաջ ուսումնասիրել էինք այդ բաղադրիչը և գիտեինք, որ մրցակիցը շատ ուժեղ է օդային պայքարում։ Նման իրավիճակներում դեռ պետք է բարելավենք մեր խաղը։ Միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ «Սպարտան» իսկապես շատ լավ է իրացնում ստանդարտները։
— Ի՞նչը չբավարարեց «Արարատ-Արմենիային» դրական արդյունքի հասնելու համար։
— Պատճառը բավական հստակ է. մրցակիցը շատ լավն էր և որոշ բաղադրիչներում կարգով նկատելիորեն գերազանցում էր մեզ։ Իր դերն ունեցավ նաև այն, որ մենք չիրացրինք հանդիպման սկզբում ունեցած պահերը։ Երկու գոլ բաց թողնելուց հետո խաղ վերադառնալը շատ ավելի բարդ դարձավ։
Առանձին դրվագներում մրցակցի առավելությունը շատ զգալի էր։ «Սպարտան» շատ լավ էր պրեսինգ կիրառում, այդ պատճառով մեզ համար դժվար էր սկսել մեր գրոհները։
Իհարկե, մենք խաղադաշտ չէինք դուրս եկել պարտվելու մտադրությամբ. դա ոչ ոք չի ցանկանում։ Բայց միևնույն ժամանակ մեր խաղում դրական պահեր էլ տեսա։ Մենք պետք է պատրաստ լինենք Եվրոպա լիգայի հաջորդ հանդիպումներին։ Սա շատ բարձր մակարդակի մրցաշար է, և այստեղ հեշտ հանդիպումներ չեն լինելու։
— Էդգար Գրիգորյանը շատ բարդ հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղակեսում նրա համար դժվար էր դիմակայել մրցակցի վինգերներին։ Արդյո՞ք պետք չէր նրան փոխարինել արդեն ընդմիջումից հետո։
— Իսկապես, նրա համար սա բարդ հանդիպում էր։ Բայց պետք է հասկանալ, թե ում դեմ էր նա խաղում։ Նրա եզրում գործում էր Մերկադոն։ Գիտե՞ք, թե «Սպարտան» որքան է վճարել այդ ֆուտբոլիստի համար։ Չորս միլիոն եվրո։
Մենք պետք է պատրաստ լինենք, որ հետագայում նույնպես նման մակարդակի ֆուտբոլիստներ են մեզ դիմակայելու։ Նրանց դեմ պետք է պայքարել ամբողջ թիմի ընդհանուր ջանքերով։
Այժմ պետք է վերլուծենք այս հանդիպումը և վերանայենք որոշ դրվագներ։ Ես նույնպես պետք է հաշվի առնեմ իմ սեփական սխալները։ Խաղից հետո հասկացա, որ, հնարավոր է, պետք էր խաղալ հինգ պաշտպանով, որպեսզի Գրիգորյանն ավելի շատ աջակցություն ստանար։
Հիմա հասկանում եմ, որ եթե ցածր բլոկով գործեինք և խաղայինք հինգ պաշտպանով, մրցակիցը կարող էր ավելի շատ խնդիրներ ունենալ։ Բայց չեմ ցանկանում, որ այս արդյունքը կոտրի մեզ։ Առջևում դեռ երկար ճանապարհ կա։
— Ուգո Օլիվեյրան վերջին շրջանում նոր մակարդակի է հասել և այժմ հիմնական կենտրոնական կիսապաշտպաններից մեկն է։ Կշարունակե՞ք նրան օգտագործել այդ դիրքում Կամո Հովհաննիսյանի վերադարձից հետո և երբ Խուան Բալանտան ամբողջությամբ մարզավիճակ հավաքի։
— Առաջին հերթին ցանկանում եմ նշել Կամո Հովհաննիսյանի անհավանական կարևորությունը մեր թիմի համար։ Մենք նրան ընդգրկեցինք Եվրոպա լիգայի հայտացուցակում, քանի որ նա վերականգնվում էր վնասվածքից, սակայն վերջերս Կամոն նոր վնասվածք ստացավ։
Բալանտան նույնպես շատ կարևոր է մեզ համար, սակայն նա երկար ժամանակ բաց է թողել վնասվածքի պատճառով, որն իրեն անհանգստացնում էր դեռ նախորդ մրցաշրջանից։
Ուգո Օլիվեյրան շատ լավ է կատարում իր նոր դերը։ Նա որակյալ է գործում առանց գնդակի և լավ է սկսում մեր գրոհները։
Միաժամանակ ցանկանում եմ նշել նաև մյուս կիսապաշտպաններին։ Կարլիեն, Համբարձումյանն ու Տերան նույնպես լավ հանդիպումներ են անցկացնում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա այո՛, ես կշարունակեմ Օլիվեյրային օգտագործել կիսապաշտպանության կենտրոնում։
— Ինչո՞ւ առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիան» զգալիորեն քիչ էր տիրում գնդակին։
— Չնայած մենք ավելի քիչ էինք տիրում գնդակին, որոշ այլ վիճակագրական ցուցանիշներով խաղն ավելի հավասար էր, օրինակ՝ ստեղծված գոլային պահերի քանակով։
Իհարկե, մենք ցանկանում ենք հնարավորինս շատ վերահսկել գնդակը, բայց մրցակիցը հինգ ֆուտբոլիստով ակտիվ պրեսինգ էր կիրառում։ Նման պայմաններում «Սպարտայի» դեմ շատ դժվար է պահպանել գնդակի վերահսկողությունը։
Բալանտայի խաղադաշտ դուրս գալուց հետո իրավիճակը փոքր-ինչ բարելավվեց։
— Շարունակելով Էդգար Գրիգորյանի թեման. տեսնում ենք, որ Արթուր Սերոբյանը մշտապես հետ է իջնում եզրով և օգնում Բուենոյին, մինչդեռ Զիդան Բանժակին այնքան հաճախ չի օգնում Գրիգորյանին պաշտպանությունում։ Դա ձեր ցուցո՞ւմն է, որպեսզի Զիդանն ավելի բարձր դիրքում մնա։
— Կարեն Մուրադյանը խաղադաշտի կենտրոնում ավելի մոտ է տեղակայվում ձախ եզրին և ավելի հաճախ օգնում ձախ պաշտպանին։ Դրա շնորհիվ վինգերը միշտ չէ, որ պետք է այդքան խոր իջնի։
Բայց ընդհանուր առմամբ մրցակցի եզրային ֆուտբոլիստները շատ ուժեղ էին, և մեզ ոչ միշտ էր հաջողվում նրանց դեմ արդյունավետ գործել։ Ուգո Օլիվեյրան, օրինակ, նույնպես ստիպված էր օգնել Բուենոյին։
Ինչ վերաբերում է Արթուր Սերոբյանին, ապա կարծում եմ՝ նա ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։
Պետք է նաև հաշվի առնել թիմի ծանրաբեռնվածությունը։ Օգոստոսին մենք ինը հանդիպում անցկացրինք, ինչը մրցաշրջանի այս փուլի համար շատ է։ Բացի այդ, այդ ամբողջ ընթացքում մենք առանց Կամո Հովհաննիսյանի էինք։ Սա նույնպես եզրերում մեր խնդիրների պատճառներից մեկն էր։
— Վիճակահանությունից հետո հայ երկրպագուներն ու լրագրողները սկսեցին հաշվել լիգային փուլում հնարավոր միավորները, և «Սպարտայի» դեմ հանդիպումը շատերը դիտարկում էին որպես միավորների պաշարը համալրելու հնարավորություններից մեկը։ Այս պարտությունից հետո, որքան էլ պարադոքսալ հնչի, կարո՞ղ է թիմի վրա ճնշումը նվազել և թույլ տալ ավելի ազատ խաղալ։
— Ո՛չ։ Ես չեմ ցանկանում, որ մենք խաղանք առանց ճնշման։ Մենք միշտ պետք է պատասխանատվություն զգանք, քանի որ հանդես ենք գալիս Եվրոպայի նշանակությամբ երկրորդ ակումբային մրցաշարում։
Երբ վերլուծեցի վիճակահանության արդյունքները, հասկացա, որ մենք կարող ենք 8–9 միավոր վաստակել, և դա շարունակում է մնալ մեր նպատակը։
Միևնույն ժամանակ ես սկզբից էլ գիտեի, թե որքան բարդ է լինելու «Սպարտայի» դեմ հանդիպումը։ Իմ դուստրն ապրում է Պրահայում և հաճախ է այցելում այդ թիմի հանդիպումներին, այդ պատճառով ես լավ եմ ճանաչում «Սպարտային» և հասկանում եմ, թե ինչպիսի ֆինանսական հնարավորություններ ունի այդ ակումբը։
Իրականում մենք հնարավորություն ունեինք այլ արդյունքի հասնելու, եթե իրացնեինք մեր պահերը։ Բայց սա ֆուտբոլ է։ Ամեն դեպքում մեր նպատակը չի փոխվել։
— Ձեր դարպասապահ Ժոաո Բրավիմը որակավորման փուլում թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, իսկ այսօր չորս գոլ բաց թողեց։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը։ Բաց թողած գոլերում նրա մեղքը կա՞։
— Չեմ կարծում, որ բաց թողած գոլերում դարպասապահի մեղքը կա։ Առաջին երկու գոլերը մեր պաշտպանության սխալների հետևանքն էին, և դրա պատասխանատվությունն ինձ վրա է։
Ընդհանուր առմամբ գոհ եմ Բրավիմի խաղից։ Երբ թիմը պարտվում է, պատասխանատվությունը միշտ գլխավոր մարզչի վրա է։
Պետք է նաև հասկանալ, որ սա շատ բարձր մակարդակի հանդիպում էր։ Ստացվեց բաց և դիտարժան խաղ։ Հնարավոր է՝ կարող էինք ավելի փակ ֆուտբոլ ընտրել, և այդ դեպքում արդյունքն այլ լիներ։
Բայց թե ինչպես պետք է խաղա թիմը, որոշում եմ ես, հետևաբար արդյունքի համար ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է։
Արթուր Սերոբյանը «Սպարտայի» դեմ խաղում ճանաչվել է «Արարատ-Արմենիայի» լավագույն ֆուտբոլիստ