Երեք հայ հրաձիգ կմասնակցի Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2026 թվականի նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կանցկացվի հրաձգության աշխարհի առաջնությունը (ISSF World Championship Rifle/Pistol/Shotgun)։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն երեք մարզիկներ՝ Էլմիրա Կարապետյանը, Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը։
Հայաստանի հավաքականը կգլխավորի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունը կլինի Լոս Անջելեսում անցկացվելիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման առաջին փուլը։ Հրաձգության միջազգային ֆեդերացիայի (ISSF) տվյալներով՝ մրցաշարում կխաղարկվի 36 օլիմպիական ուղեգիր՝ 12 անհատական օլիմպիական մրցաձևերից յուրաքանչյուրում երեքական։
Այսպիսով, հայ հրաձիգներն առաջին հնարավորությունը կստանան Հայաստանի համար նվաճելու 2028 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Որակավորման տեղերը հատկացվում են ազգային օլիմպիական կոմիտեներին և անմիջականորեն չեն ամրագրվում մարզիկներին։
Աշխարհի առաջնության ծրագրում ընդգրկված են 10 մետր հեռավորությունից օդամղիչ հրացանով հրաձգությունը, 50 մետր հեռավորությունից փոքր տրամաչափի հրացանով երեք դիրքից հրաձգությունը, 10 մետր հեռավորությունից օդամղիչ ատրճանակով հրաձգությունը, տղամարդկանց 25 մետր հեռավորությունից արագաձիգ ատրճանակով հրաձգությունը և կանանց 25 մետր հեռավորությունից ատրճանակով հրաձգությունը։
Ստենդային հրաձգությունում մեդալներ կխաղարկվեն սկիտ և տրապ մրցաձևերում։ Անհատական մրցումներից բացի, ծրագրում ընդգրկված են նաև խառը թիմային մրցումներ՝ օդամղիչ հրացանով, օդամղիչ ատրճանակով և տրապում։ Նախատեսված են նաև ոչ օլիմպիական թիմային մրցաձևեր։
Առաջնությունում կորոշվեն աշխարհի նոր չեմպիոնները, իսկ օլիմպիական մրցաձևերի արդյունքներով կբաշխվեն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի առաջին որակավորման ուղեգրերը։ Հետագա ընտրությունը կշարունակվի միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ Աշխարհի գավաթի փուլերում և մայրցամաքային առաջնություններում։