Ֆինն Գերագուսյանը առաջին անգամ կխաղա Հայաստանի Մ-21 հավաքականում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սանդերլենդի» 17-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը, ով ունի հայկական արմատներ, առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական։ Նա ընդգրկվել է թիմի հայտացուցակում ԵՎՐՈ-2027-ի որակավորման մրցաշարի հանդիպումներին՝ Մոնտենեգրոյի (նոյեմբերի 14) և Շվեդիայի (նոյեմբերի 18) դեմ։ Երկու խաղերն էլ կայանալու են Արմավիրում։
Գերագուսյանը ծնվել է Դարեմ քաղաքում (Անգլիա), «Սանդերլենդի» մոտակայքում։ Նա «Սանդերլենդի» սան է և այս մրցաշրջանում հանդես է գալիս ինչպես U18, այնպես էլ U21 թիմերում։ Չնայած երիտասարդ տարիքին, Ֆինն արդեն աչքի է ընկնում իր ֆիզիկական տվյալներով․ նրա հասակը 194 սմ է։ Նա արդյունավետ է գործում և՛ կենտրոնական հարձակվողի, և՛ եզրային հարձակվողի դիրքերում։
2025/26 մրցաշրջանում Գերագուսյանը «Սանդերլենդ U18»-ի կազմում 5 խաղում խփել է 3 գոլ, իսկ U21 թիմում Պրեմիեր լիգա 2-ում գրանցել է գոլ և գոլային փոխանցում։ Նախորդ մրցաշրջանում ևս նա աչքի էր ընկել ակումբի համակարգում.
U21: 5 գոլ և 5 գոլային փոխանցում՝ 15 խաղում
U18: 9 գոլ և 4 փոխանցում՝ 16 խաղում
Գերագուսյանը արդեն հանդես է եկել Հայաստանի Մ-19 հավաքականում՝ դեբյուտալ խաղում (2024 թ.) խփելով գոլ։ Սակայն առաջիկա հանդիպումները կլինեն նրա առաջին պաշտոնական խաղերը Հայաստանի կազմում և առաջին ելույթը հենց Հայաստանում, քանի որ Մ-19-ի խաղերը անցկացվել էին Լիտվայում։
Ֆուտբոլիստը չի թաքցնում իր կապվածությունը Հայաստանի հետ։ Նրա հայրը ունի հայկական արմատներ, իսկ տատն ու պապը տեղափոխվել են Անգլիա լիբանանահայ համայնքից։ Ֆիննը բազմիցս նշել է, որ Հայաստանի համար խաղալը իր համար մեծ պատիվ է.
«Շատ գոհ եմ վերջին երկու տարիների ընթացքում իմ առաջընթացից։ Շնորհակալ եմ մարզիչներին և ակումբին վստահության համար։ Գիտեմ, որ առջևում դեռ շատ աշխատանք կա, բայց շարունակելու եմ անել առավելագույնը։ Խաղալ հավաքականում՝ առանձնահատուկ զգացում է»,- ասել է Գերագուսյանը։
Հայկական ֆուտբոլային հանրությունը դրական է ընդունել նրա հրավերը․ «Սանդերլենդի» ակադեմիայում նրա առաջընթացին հետևում էին վաղուց, և հիմա երկրպագուներն առաջին անգամ հնարավորություն կունենան տեսնել նրան Հայաստանի մարզադաշտում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0