Եվրոպան առաջատար է, Ասիան դուրս մնաց, Աֆրիկան կորցրեց գրեթե բոլորին․ ինչպես կոնֆեդերացիաները հաղթահարեցին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի առաջին փուլը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչ փուլի ավարտից հետո հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Մրցաշարի նոր ձևաչափը՝ ընդլայնված փլեյ-օֆֆով, ավելի մեծ թվով հավաքականների հնարավորություն տվեց շարունակել պայքարը խմբային փուլից հետո, սակայն դուրս մնալու առաջին իսկ փուլը լրջորեն փոխեց ուժերի հարաբերակցությունը կոնֆեդերացիաների միջև։
Գլխավոր արդյունքն այն է, որ Եվրոպան պահպանեց ամենամեծ ներկայացվածությունը, Հարավային Ամերիկան հաստատեց իր բարձր մակարդակը, ԿՈՆԿԱԿԱՖ-ը 1/16 եզրափակչում կորուստներ չունեցավ, իսկ Ասիան ամբողջությամբ ավարտեց ելույթները մրցաշարում։
Եվրոպա․ 7 հավաքական՝ 1/8 եզրափակչում
Եվրոպան մրցաշարը սկսել էր 16 հավաքականով։ ՈւԵՖԱ-ի 13 ներկայացուցիչներ դուրս եկան փլեյ-օֆֆ, իսկ 1/8 եզրափակիչ հասան 7 թիմեր։
Հաջորդ փուլում կխաղան՝
Ֆրանսիա
Պորտուգալիա
Իսպանիա
Բելգիա
Նորվեգիա
Անգլիա
Շվեյցարիա
Միևնույն ժամանակ եվրոպական հավաքականները նաև լուրջ կորուստներ ունեցան։ Արդեն 1/16 եզրափակչում պայքարից դուրս մնացին Գերմանիան, Շվեդիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Ավստրիան և Բոսնիա և Հերցեգովինան։
Հատկապես աղմկոտ էր Գերմանիայի պարտությունը Պարագվայից։ Նիդերլանդները զիջեցին Մարոկկոյին, Խորվաթիան պարտվեց Պորտուգալիային, իսկ Ավստրիան ավարտեց ելույթները Իսպանիայի դեմ խաղից հետո։
Հարավային Ամերիկա․ 6 թիմերից 4-ը՝ 1/8 եզրափակչում
Հարավային Ամերիկան արդյունավետության առումով ցույց տվեց լավագույն արդյունքներից մեկը։ ԱԱ-2026-ին մասնակցում էին ԿՈՆՄԵԲՈԼ-ի 6 ներկայացուցիչներ, որոնցից 5-ը դուրս եկան փլեյ-օֆֆ, իսկ 4-ը հասան 1/8 եզրափակիչ։ Միայն Ուրուգվայը կանգ առավ խմբային փուլում։
Մրցաշարում շարունակում են պայքարը՝
Պարագվայ
Բրազիլիա
Արգենտինա
Կոլումբիա
Պարագվայը դարձավ 1/16 եզրափակչի գլխավոր արդյունքներից մեկի հեղինակը՝ դուրս թողնելով Գերմանիային։ Բրազիլիան հաղթահարեց Ճապոնիայի արգելքը, Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին, իսկ Կոլումբիան պայքարից դուրս թողեց Գանային։
Հարավամերիկյան միակ հավաքականը, որը կանգ առավ 1/16 եզրափակչում, Էկվադորն էր․ այն զիջեց Մեքսիկային։
Այս պահին Պարագվայն արդեն դուրս է մնացել 1/8 եզրափակչում՝ պարտվելով Ֆրանսիային։
ԿՈՆԿԱԿԱՖ․ երեք թիմ, և բոլորը անցան հաջորդ փուլ
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկան մրցաշարում ներկայացված էին 6 թիմերով։ Փլեյ-օֆֆ դուրս եկան 3 հավաքականներ, և բոլորն էլ կարողացան հաղթահարել 1/16 եզրափակիչ փուլը։
1/8 եզրափակչում խաղում են՝
Կանադա
ԱՄՆ
Մեքսիկա
Կանադան պայքարից դուրս թողեց Հարավային Աֆրիկային, ԱՄՆ-ը հաղթահարեց Բոսնիա և Հերցեգովինայի արգելքը, իսկ Մեքսիկան հաղթեց Էկվադորին։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի համար սա շատ ուժեղ ցուցանիշ է․ կոնֆեդերացիայի բոլոր թիմերը, որոնք հասել էին փլեյ-օֆֆ, շարունակեցին պայքարը։
Կանադան 1/8 եզրափակչում արդեն պարտվել է Մարոկկոյին։
Աֆրիկա․ 9 թիմ փլեյ-օֆֆում, բայց միայն 2-ը՝ 1/8 եզրափակչում
Աֆրիկան շատ ուժեղ խմբային փուլ անցկացրեց․ ԿԱՖ-ի 10 ներկայացուցիչներից միանգամից 9-ը դուրս եկան փլեյ-օֆֆ։ Սակայն 1/16 եզրափակիչը աֆրիկյան թիմերի համար չափազանց ծանր ստացվեց։
1/8 եզրափակիչ անցան միայն՝
Մարոկկո
Եգիպտոս
Մարոկկոն պայքարից դուրս թողեց Նիդերլանդներին, ապա նաև Կանադային և այժմ 1/4 եզրափակչում կխաղա Ֆրանսիայի դեմ։ Եգիպտոսը հաղթեց Ավստրալիային և 1/8 եզրափակչում կհանդիպի Արգենտինային։
Աֆրիկյան մյուս հավաքականներն ավարտեցին ելույթները։ Հարավային Աֆրիկան զիջեց Կանադային, Սենեգալը պարտվեց Բելգիային, Կոտ դ’Իվուարը՝ Նորվեգիային, Կոնգոյի ԴՀ-ն՝ Անգլիային, Գանան՝ Կոլումբիային, Ալժիրը՝ Շվեյցարիային, իսկ Կաբո Վերդեն՝ Արգենտինային։
Ասիա․ ամբողջական դուրս մնալ 1/16 եզրափակչից հետո
Մրցաշարի գլխավոր հիասթափությունը դարձավ Ասիան։ ԱԱ-2026-ին մասնակցում էին ԱՖԿ-ի 9 թիմեր, սակայն փլեյ-օֆֆ դուրս եկան միայն 2-ը՝ Ճապոնիան և Ավստրալիան։
Երկու հավաքականներն էլ ավարտեցին պայքարը արդեն 1/16 եզրափակչում։ Ճապոնիան զիջեց Բրազիլիային, իսկ Ավստրալիան պարտվեց Եգիպտոսին։ Արդյունքում 1/8 եզրափակչում Ասիայի ոչ մի ներկայացուցիչ չմնաց։ Այստեղից հարց է առաջանում՝ արդյոք Ասիայի 9 տեղը չափազանց շատ չէ՞ր, և գուցե 1 կամ 2 ուղեգիր պետք էր հատկացնել Հարավային Ամերիկային կամ Եվրոպային։
Օվկիանիա․ առանց փլեյ-օֆֆի
Օվկիանիան ներկայացված էր մեկ հավաքականով, սակայն Նոր Զելանդիան չկարողացավ դուրս գալ խմբից։ Այսպիսով, ՕՖԿ-ն ներկայացված չէր ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում։
Կոնֆեդերացիաների ներկայացվածությունը ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում
| Կոնֆեդերացիա | Թիմեր մրցաշարում | Դուրս եկան փլեյ-օֆֆ | Դուրս եկան 1/8 եզրափակիչ |
|---|---|---|---|
| Եվրոպա | 16 | 13 | 7 |
| Հարավային Ամերիկա | 6 | 5 | 4 |
| Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա | 6 | 3 | 3 |
| Աֆրիկա | 10 | 9 | 2 |
| Ասիա | 9 | 2 | 0 |
| Օվկիանիա | 1 | 0 | 0 |
