«Միլանի» նախկին հարձակվող Մարկո Լազետիչը կտեղափոխվի «Նոա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Միլանի» նախկին հարձակվող Մարկո Լազետիչը կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնում է MS_INSIDE-ը։
22-ամյա սերբ հարձակվողի վերջին ակումբը շոտլանդական «Աբերդինն» էր։ Այդ թիմի կազմում նա անցկացրել է 36 հանդիպում և խփել 4 գոլ։
Լազետիչը «Աբերդին» էր տեղափոխվել «Միլանից», սակայն իտալական ակումբում նրան այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել հիմնական կազմում։ «Ռոսոներիների» գլխավոր թիմում սերբը անցկացրել է ընդամենը երկու հանդիպում, իսկ մնացած ժամանակահատվածում հանդես է եկել վարձակալություններով՝ ավստրիական «Ալտախում», նիդերլանդական «Ֆորտունայում» և սերբական ՏՍՑ-ում։
Ժամանակին Լազետիչը համարվում էր Սերբիայի ամենահեռանկարային երիտասարդ հարձակվողներից մեկը։ Իր հասակի և խաղաոճի պատճառով բարձրահասակ ֆորվարդին նույնիսկ համեմատում էին Զլատան Իբրահիմովիչի հետ։
Ներկայում Լազետիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 1 միլիոն եվրո։ Հարձակվողի հասակը 192 սմ է։
«Նոայի» համար Լազետիչի հավանական տեղափոխությունը կարող է դառնալ հարձակման գծի նկատելի ուժեղացում նոր մրցաշրջանից առաջ։