Բանջակի եղբայրները նույն երեկոյան խաղացին Եվրոպայի լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եվրոպայի լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում հետաքրքիր պատմություն գրանցվեց․ հարազատ եղբայրներ Զիդան և Դանիել Բանջակիները նույն երեկոյան խաղադաշտ դուրս եկան մրցաշարի տարբեր թիմերի կազմում։
Եղբայրներից ավագը՝ «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես եկող 27-ամյա Զիդան Բանջակին, մասնակցեց հայկական ֆուտբոլի համար պատմական հանդիպմանը Պրահայի «Սպարտայի» դեմ։
Զիդանը Երևանի թիմի մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 80 րոպե։ «Արարատ-Արմենիան» պարտվեց 1:4 հաշվով, իսկ Բանջակին SofaScore-ից ստացավ 6,8 գնահատական։
Հայկական ակումբի համար այս հանդիպումն առանձնահատուկ էր․ «Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որը խաղաց Եվրոպայի լիգայի հիմնական փուլում։
Կրտսեր Բանջակին եվրագավաթներում նորամուտը նշեց «Սան Սիրոյում»
Զիդանի կրտսեր եղբոր՝ 18-ամյա Դանիել Բանջակիի համար երեկոն ավելի հաջող դասավորվեց։
«Բենֆիկայի» աջ պաշտպանը եվրագավաթներում նորամուտը նշեց անմիջապես իտալական «Միլանի» դեմ արտագնա խաղում՝ «Սան Սիրո» մարզադաշտում։
Դանիելը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն, իսկ պորտուգալական ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ Երիտասարդ ֆուտբոլիստն իր խաղի համար SofaScore-ից ստացավ 7,5 գնահատական։
Այսպիսով, Բանջակի եղբայրները միաժամանակ սկսեցին Եվրոպայի լիգայի լիգայի փուլը՝ ներկայացնելով «Արարատ-Արմենիան» և «Բենֆիկան»։
Հետաքրքիր է նաև, որ ֆուտբոլիստները նույն եզրում խաղում են հակադիր դիրքերում։ Զիդան Բանջակին հիմնականում գործում է հարձակման ձախ եզրում, մինչդեռ Դանիելը աջ պաշտպան է։ Այդ պատճառով փլեյ-օֆֆում թիմերի հնարավոր հանդիպման դեպքում եղբայրները կարող են անմիջական մրցակիցներ դառնալ նույն եզրում։
Հնարավոր ընտանեկան դիմակայությանը դեռ շատ ժամանակ կա, սակայն եղբայրներն արդեն ունեն մեկ ընդհանուր մրցակից։
Դանիելն ընթացիկ Եվրոպայի լիգայում իր առաջին հանդիպումն անցկացրեց հենց «Միլանի» դեմ, իսկ 2027 թվականի հունվարի 28-ին իտալական ակումբի հետ կխաղա նաև Զիդանը։ Լիգայի փուլի վերջին՝ ութերորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի «Միլանի» դեմ։