«Բենֆիկան» ակադեմիա կբացի Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի բազայի վրա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ընկերությունը պաշտոնապես հայտարարել են «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» լայնածավալ նախագծի մեկնարկի մասին։ 2027/2028 մրցաշրջանից Երևանում կսկսի գործել պորտուգալական Sport Lisboa e Benfica ակումբի պաշտոնական ակադեմիան։
Նախագիծը կիրականացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի տարածքում։ Այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակադեմիայի ենթակառուցվածքի մի մասը երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագիծն իրականացնելու համար։
ՀՖՖ-ում ընդգծել են, որ որոշումը պայմանավորված է նախագծի մասշտաբով և հայկական ֆուտբոլի զարգացման համար դրա ռազմավարական նշանակությամբ։ «Բենֆիկայի» ակադեմիան համարվում է աշխարհի առաջատար ֆուտբոլային կենտրոններից մեկը, իսկ Հայաստանում իրականացվող նոր նախագիծը պետք է դառնա ակումբի միջազգային խոշոր ուղղություններից մեկը։
«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» կդառնա SL Benfica-ի միջազգային ակադեմիաների ցանցում նմանատիպ ընդամենը երրորդ կենտրոնը։ Ներդրումների ծավալով, ենթակառուցվածքային մակարդակով և նախատեսվող սաների քանակով նախագիծը համադրելի կլինի պորտուգալական ակումբի ամենախոշոր ակադեմիական նախաձեռնությունների հետ։

Մինչ ակադեմիայի գործունեության մեկնարկը Երևանում նախատեսվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոնի լայնածավալ արդիականացում։ Նախագծի առաջին փուլով նախատեսվում է վերակառուցել վեց ֆուտբոլային խաղադաշտ, կառուցել երկու նոր արհեստական ծածկով խաղադաշտ, արդիականացնել մարզադաշտը, ամբողջությամբ փոխարինել լուսավորության համակարգը, լուսավորել բոլոր մարզումային խաղադաշտերը, վերանորոգել մարզասրահն ու հանդերձարանները, ինչպես նաև ստեղծել նոր հարմարավետ գոտիներ պատանի ֆուտբոլիստների և նրանց ծնողների համար։
Հաջորդ փուլով նախատեսվում է կառուցել նոր բազմաֆունկցիոնալ համալիր։ Այն կներառի բնակելի, կրթական, առողջարարական և մարզական գոտիներ, կոնֆերանս դահլիճներ և այլ ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են ֆուտբոլիստների լիարժեք պատրաստության համար։
Ակադեմիան աշխատանքը կսկսի մոտ 1000 պատանի ֆուտբոլիստներով՝ 4-ից 17 տարեկան։ Պատրաստությունը կիրականացվի «Բենֆիկայի» տեխնիկական ղեկավարությամբ և պորտուգալական ակումբի մեթոդաբանությամբ։ Նախագիծը նաև նախատեսում է մարզիչների շարունակական կրթություն, ֆուտբոլիստների զարգացման միասնական համակարգի ներդրում և միջազգային առաջատար փորձի փոխանցում հայ մասնագետներին։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ «Բենֆիկայի» հետ համագործակցությունը պետք է կարևոր քայլ դառնա Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար։
«Վստահ ենք, որ նման ռազմավարական ներդրումները նշանակալի ներդրում կունենան հայկական ֆուտբոլի մրցունակության բարձրացման գործում, նոր հնարավորություններ կստեղծեն երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման համար և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանային ֆուտբոլային քարտեզի վրա։
«Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանում միջազգային ֆուտբոլային միջավայր ստեղծելու ճանապարհին և արտացոլում է ՀՖՖ-ի հետևողական քաղաքականությունը՝ հայկական ֆուտբոլի զարգացման համար ներգրավելու աշխարհի առաջատար ֆուտբոլային կազմակերպությունների փորձն ու գիտելիքները։
Վստահ եմ, որ այս համագործակցությունը նշանակալի օգուտ կբերի հայկական ֆուտբոլին և կնպաստի, որ Հայաստանը աստիճանաբար վերածվի տարածաշրջանում ֆուտբոլային կրթության և տաղանդների զարգացման առաջատար կենտրոններից մեկի», — ասել է Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ աշնանը Երևանում նախատեսվում է նաև իտալական «Յուվենտուսի» ակադեմիայի բացումը։