Անգլիան դժվար հաղթանակ տարավ Կոնգոյի ԴՀ-ի նկատմամբ և դուրս եկավ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անգլիայի հավաքականը մեծ դժվարությամբ դուրս եկավ 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ Թոմաս Տուխելի թիմը Ատլանտայում 2:1 հաշվով հաղթեց Կոնգոյի ԴՀ-ին՝ խաղի ընթացքում հայտնվելով պարտվողի դերում։
Աֆրիկյան հավաքականը հաշիվը բացեց առաջին խաղակեսում՝ Բրայան Սիպենգայի գեղեցիկ գոլի շնորհիվ։ Կոնգոյի ԴՀ-ն երկար ժամանակ պահպանում էր առավելությունը և մոտ էր պատմական արդյունքի, սակայն հանդիպման վերջնամասում վճռորոշ եղավ Հարի Քեյնի անհատական վարպետությունը։
Անգլիայի հավաքականի ավագը նախ հավասարեցրեց հաշիվը 75-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին ձևակերպեց դուբլ և հաղթանակ պարգևեց իր թիմին։ Այժմ Քեյնի հաշվին արդեն 5 գոլ կա ԱԱ-2026-ում։
Ավելացված ժամանակում Կոնգոյի ԴՀ-ն հնարավորություն ստացավ փրկել հանդիպումը, սակայն Յոան Վիսայի տուգանային հարվածը խնդիրներ չստեղծեց Ջորդան Պիկֆորդի համար։ Անգլիան պահպանեց հաղթական հաշիվը և շարունակեց պայքարը մրցաշարում։
1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը կմրցի Մեքսիկայի դեմ։ Հանդիպումը կկայանա Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում։
«Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուի համար աշխարհի առաջնությունն ավարտվեց առանց խաղադաշտ դուրս գալու։ Կոնգոյի ԴՀ հավաքականի դարպասապահը լքում է մրցաշարը՝ այդպես էլ խաղաժամանակ չստանալով։